Լրահոս
Հասարակական
18:57
17.02.26
102

N 19 պոլիկլինիկայի բուժքույրերը հունվարի աշխատավարձը չեն ստացել․ ԲԿ-ի տնօրենի և ԱՆ-ի արձագանքը. 24News

Img default alt hy

Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոնի (թիվ 19 պոլիկլինիկա) բուժքույրերը դեռևս չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը: 24News-ի հետ կապ հաստատած բուժքույրերն իրենց վրդովմունքը հայտնեցին ստեղծված իրավիճակի շուրջ և տեղեկացրին, որ հունվար ամսին էլ դեկտեմբերի աշխատավարձն են ուշացումով ստացել:

«Ամիսն ավարտվում է, դեռ աշխատավարձ չենք ստացել, նոր տարվա տոնական օրերին էլ պետական կառույցներում բոլորը պարգևավճարներ ստացան, բուժքույրերով դեկտեմբերի աշխատավարձը հունվարի 16-17-ին ստացանք»:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատուրյանից տեղեկացանք, որ առողջության ապահովագրության նոր համակարգի ներդրումից հետո որոշ տվյալներ ճշգրտելու կարիք է եղել, քանի որ պոլիկլինիկաները մեծ թվով մարդկանց են սպասարկել մեկ ամսում:

«Պոլիկլինիկաների բուժաշխատողները երկու մասով են աշխատավարձ ստանում, պետպատվերի փոխհատուցումը տրվել է, ինչ վերաբերում է ապահովագրության մասով փոխհատուցմանը, ապա որոշակի ճշգրտումների կարիք կա կատարողականների մասով, ժամանակ ենք տվել լրացումների համար, վստահաբար չի ուշանա, հավանաբար վաղը կփոխանցվի գումարը. փոխհատուցումն իրականացվում է ըստ կատարողականի, որը տալիս է բուժհաստատությունը:»:

24News-ը կապ հաստատեց նաև Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոնի տնօրեն Կամսար Բաբինյանի հետ: Վերջինս հավաստիացրեց, որ իր բոլոր 415 աշխատողների աշխատավարձերն արդեն փոխանցված են: Հարցին, թե ինչն է ուշացման պատճառը, պատասխանեց. «Ինձ տենց հարցեր մի’ տվեք»:

Նշենք, որ նյութը թողարկելու պահին բուժաշխատողները դեռևս աշխատավարձ չէին ստացել: