Լրահոս
Իրավական
13:47
21.05.22
384

Մուրացկաններին միշտ էլ օգնել եմ՝ 500, 1000 դրամով, ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ. Վանեցյանի օգնականը՝ իր տան խուզարկության մասին

Img default alt hy

Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, գրում է «Aysor.am»-ը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասել է, թե խնդիրը վերաբերում է հայտնի տեսագրությանը, որտեղ Արամ Գրիգորյանը ձմռանը մուրացկաններին փող էր բաժանում:

«Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է, բայց այսպես է»,- ասել է փաստաբանը:

Ինքը՝ Արամ Գրիգորյանը, չի հասկանում՝ ինչի համար են իր բնակարանում խուզարկություն անում:

«Այդ մուրացկաններին միշտ էլ քաղաքի տարբեր տեղերում կարելի է հանդիպել, միշտ էլ օգնել եմ, 500, 1000 դրամով օգնել եմ: Դա, ինձ թվում է, քրեորեն պատժելի արարք չէ, թող մուրացկաններին կանչեին, հարցնեին»,- լրագրողներին ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին իշխանական մի շարք լրատվամիջոցներում  «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով  տարածվեց տեսանյութ:

Հետագայում, սակայն, պարզվեց, որ տեսանյութը հին է. արված էր Դեմիրճյան փողոցում, երբ Գրիգորյանը մուրացկաններին գումար էր տվել՝ օգնելու նպատակով: