Լրահոս
Իրավական
10:15
24.11.22
100

Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր դառնալու որոշում կայացնողը մեկ մարդ է. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է․ «Թեև ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միայն մեկ մարդ է որոշելու, թե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելո՞ւ է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ: Եվ այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Ավելին՝ դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՀՀ նախագահը չի ստորագրի նրա նշանակման դիմումը, և այն հետ կուղարկի ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որից հետո որոշում կայացնողը կլինի Նիկոլ Փաշինյանը՝ նրան իրավունքի ուժով նշանակե՞լ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ:

Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, և հիմա նրա նշանակման դիմումը ուղարկվել է ՀՀ նախագահին, որ ստորագրի: Սակայն նկատենք, որ դատավոր նշանակվելուց առաջ բոլոր թեկնածուները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից անցնում են բարեվարքության ճանապարհով, և հանձնաժողովը դատավորի կամ դատավորի թեկնածուի մասին կարծիք է ներկայացնում, որը հետագայում դրվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեղանին, ու նախագահն է որոշում՝ դատավորին ընդունե՞լ դատական համակարգ, թե՞ առարկությամբ հետ ուղարկել:

Եվ, ահա, Մարտիրոսյանի թեկնածությանը բարեվարքության մասով բացասական գնահատական է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչպես նաև՝ ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: