Լրահոս
Հայաստան
12:16
08.04.22
446

ՄԻԵԴ-ը բավարարել է Նանա Մուրադյանի բողոքը

Img default alt hy

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նանա Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով այն որոշումը, որով դատարանը բավարարել է Նանա Մուրադյանի բողոքը։

Դատարանն արձանագրել է, որ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը․ զինծառայողի կյանքը պետության կողմից չի պաշտպանվել, ինչպես նաև չի իրականացվել դիմումատույի որդու մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն։ ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է Նանա Մուրադյանին վճարել 20․000 եվրո։

2009թ. նոյեմբերին Վ. Մուրադյանը զորակոչվել է հայկական բանակ և զինծառայության անցել Արցախում: Ծառայությունից ամիսներ անց՝ 2010թ. մարտի 15-ին, ժամը 12:35-ի սահմաններում, Վ. Մուրադյանի դին հայտնաբերվել է զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված։

2010թ. մայիսի 31-ին քննիչը նշանակել է դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն՝ մահվանից առաջ Վ. Մուրադյանի հոգեվիճակը պարզելու նպատակով։

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ծառայակիցներն ու սպաներն իրենց հայտարարություններում նշել են, որ Վալերին չի բողոքել զինծառայությունից և մահվանը նախորդող ժամանակահատվածում լավ տրամադրություն է ունեցել: Ավելին, նա երջանիկ է եղել, ոչ մի անհանգստություն կամ հուսահատություն չի նկատվել նրա մոտ:

Նանա Մուրադյանը, դժգոհ լինելով նախաքննության արդյունքներից, տարբեր բողոքներ է ուղարկել իշխանություններին՝ պնդելով, որ չեն հաստատվել իր որդու մահվան իրական հանգամանքները:

Նանա Մուրադյանը պնդել է, որ իշխանությունները պատասխանատվություն են կրում իր որդու մահվան համար, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա զինվորական ծառայության մեջ է եղել՝ նրանց բացառիկ հսկողության տակ: Նա վիճարկել է ինքնասպանության վարկածը և պնդել, որ իր որդուն սպանել են։

ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, արձանագրել է, որ Վալերի Մուրադյանը զինծառայության ընթացքում գտնվել է պետության վերահսկողության տակ, որը չի պաշտպանել զինծառայողի կյանքի իրավունքը: