Լրահոս
Հասարակական
15:00
22.04.23
233

«Մի տրամադրեք Ձեր անձնական և բանկային ռեկվիզիտները, շտապ կապվեք սպասարկող բանկի հետ». Վարդան Արամյանը զգուշացնում է

Img default alt hy

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը զգուշացնում է՝ չափից ավելի տարածված են կիբերհանցագործությունները բանկային քարտերի և մոբայլ բանքինգի միջոցով:

«Վերջերս չափից ավելի տարածվել են կիբերհանցագործությունները  բանկային քարտերի և մոբայլ բանքինգի հետ կապված։ Առավել տարածվածներից է «Սոցիալական ինժիներությունը» («Social Engineering»): Ի՞նչ է դա նշանակում․

- Կիբեր-հանցագործը սոցցանցերի միջոցով կապվում է պոտենցիալ զոհի հետ և որպեսզի առավել վստահություն ներշնչի, WhatsApp, Viber, Telegram կամ այլ սոցցանցում կեղծ հաշվետիրոջ էջում տեղադրում է որևէ բանկի լոգոն:

- Զանգահարելով զոհին՝ ներկայանում է որպես տվյալ բանկի աշխատակից, հաճախ որպես տեղեկատվական անվտանգության աշխատակից։

- Զրույցի ընթացքում աստիճանաբար փորձում է զոհի վստահությունը շահել՝ ասենք, ներկայանալով որպես բանկի ՏՏ անվտանգության աշխատակից, կատարում են տվյալ բանկի տեղեկատվական կայքի, մոբայլ բանքինգի կամ այլ տեղեկատվական համակարգերի թարմացում, կամ ի հայտ է եկել որոշ անվտանգային խնդիրներ և իրեն անհրաժեշտ է տվյալ զոհի բանկային և նույնականացման այլ տվյալներ (անուն-ազգանուն, մոբայլ բանքինգի մուտքանուն, գաղտնաբառ, և այլն)։

- Ստանալով անհրաժեշտ ռեկվիզիտները՝ մուտք են գործում զոհի էլ.հաշիվները և գումարները զոհի հաշվից տեղափոխում են կրիպտոպլատֆորմեր, որտեղից էլ փոխանցվում է իրենց անձնական հաշիվներին։

Նմանատիպ դեպքերում՝

- Պահանջեք, որ Ձեզ զանգահարողը բացի տեսախցիկը և կատարեք սքրինշոթեր (չնայած, սովորաբար, կիբեր-հանցագործը հրաժարվում է իր դեմքը ցույց տալուց, և դա պետք է լինի Ձեր առաջին ազդակը)։

- Մի տրամադրեք Ձեր անձնական և բանկային ռեկվիզիտները, եթե ինչ-որ բան ասել եք և նա շարունակում է հարցեր տալ, անմիջապես դադարեցրեք խոսակցությունը։

- Շտապ կապվեք Ձեզ սպասարկող բանկի հետ` բացառապես բանկի կողմից տրամադրած հեռախոսահամարներով։

- Եթե ինչ-որ բան հասցրել եք հայտնել, խնդրեք բանկին, որ բլոկավորեն ձեր բոլոր հաշիվները և անհապաղ փոխեք Ձեր ի-բանքինգի մուտքի գաղտնաբառը։

Եվս մեկ հորդոր՝ Ձեր բանկային գաղտնաբառերն ընտրելիս աշխատեք չդնել ձեր անվան, երեխաների կամ այլ փոխկապակցված պարզ բառեր կամ նույն ծննդյան ամսաթվեր, օգտագործեք առնվազն 8 և ավելի նիշ, որտեղ պարտադիր պետք է լինեն մեծատառեր, թվեր և նշան (Symbols)»,- Facebook-ում գրել է Արամյանը: