Լրահոս
Արցախ
13:24
30.03.22
154

Մեկնարկել է Արցախից տեղահանված, անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության վճարման գործընթացը

Img default alt hy

Մարտի 29-ից մեկնարկել է 2020թ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի (20 000 և 40 000 ՀՀ դրամ) վճարման գործընթացը:

Արցախի սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ուշացումները պայմանավորված էին ցուցակների ճշգրտմամբ. այն ավարտելուց հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրանք փոխանցվել են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի գերատեսչությանը:

Հիշեցնենք, որ աջակցության ծրագրի շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են, որոնք աջակցություն կստանան հետևյալ չափերով՝

•անչափահասները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40,000 դրամ

•մյուս բոլոր քաղաքացիներն՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։