Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:15
18.01.21
81

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կլուծվի նույնքան հեշտ, որքան արագ կիրականացվեն հավաստիացումները. Սերգեյ Լավրով

Img default alt hy

«Մենք պատրաստ կլինենք աջակցել որոշման փնտրտուքին, որը կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն և, ամենակարևորը, անվտանգություն այն մարդկանց համար, ովքեր այստեղ ապրել են միշտ և ապրելու են ապագայում»,- 168.am-ի փոխանցմամբ, ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին:

Լավրովն ասաց, որ կարգավիճակի հարցը հիշատակված չէ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններում, դա արված է մտածված: Նրա որակմամբ, տարածքը, որտեղ տեղակայվել են ռուսական խաղաղապահներ, հանդիսանում է ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի, և հենց դրանից է ելնում Մոսկվան Երևանի և Բաքվի հետ իր կոնտակտներում: Իսկ հիմա, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, մշակվում են դետալներ, նրբություններ՝ կապված տրանսպորտային հաղորդակցությունների կազմակերպման հետ:

 Լավրովը տեղեկացրեց նաև, որ նոյեմբերի 9-ից հետո Ղարաբաղ է վերադարձել 50.000 հայ:

Լավրովը պարզաբանեց, որ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն իրենից հակասական հարց է ներկայացնում, եթե դիտարկենք Երևանի և Բաքվի մոտեցումները, ուստի լուծվեց հարցը երեք ղեկավարների որոշմամբ՝ շրջանցել, թողնել այն հետոյի՝ ապագայի:

Նրա խոսքով, դրանով պետք է զբաղվեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նրանք ներկայումս վերականգնել են իրենց շփումները կողմերի հետ, պատրաստվում են ևս մեկ անգամ այցելել տարածաշրջան, սակայն կարգավիճակի հարցն այնքան հեշտորեն է լուծվելու, որքան արագ հողի վրա իրականացվելու են հավաստիացումները, որոնք հնչել են թե Բաքվից, և թե Երևանից այն մասին, որ գլխավորը ներկայումս ամենօրյա կյանքի կարգավորումն է բոլոր համայնքների՝ էթնիկական և կրոնական, որոնք Ղարաբաղում համակեցությամբ բնակվել են և պետք է վերականգնեն իրենց խաղաղ և բարիդրացիական համակեցությունը:

Ինչ վերաբերում է Էկզոտիկ առաջարկին՝ Ղարաբաղը մտցնել ՌԴ կազմ, Լավրովն ասաց, որ որքան ինքն է հասկանում՝ ԼՂ անկախությունը չի ճանաչվել ոչ մեկի կողմից, այդ թվում՝ ՀՀ-ի կողմից , ՌԴ-ն նույնիսկ մոտ նման մտքեր չունի:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այս տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է որոշվեն այստեղ գտնվող կողմերի միջև, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք պատրաստ կլինենք աջակցել նման որոշման փնտրտուքին, որը կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն և, ամենակարևորը, անվտանգություն այն մարդկանց համար, ովքեր այստեղ ապրել են միշտ և ապրելու են ապագայում»,- եզրափակեց կարգավիճակի թեման ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: