Լրահոս
Հասարակական
13:02
23.05.22
741

Կոտայքի մարզի գյուղերից մեկում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի հասցեով, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված՝ հայտնաբերել են երեխայի դի։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 11-ամյա տղայի դին։

Շամշյանի տեղեկություններով՝ երեխային ծառից կախված հայտնաբերել է նրա 18-ամյա քույրը, ով օգնության է կանչել հարևաններին, ապա իջեցրել են երեխային, բայց նա արդեն մահացած է եղել։ 

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն՝ պարզվում է։