Լրահոս
Հասարակական
10:30
15.05.22
306

Իշխանությունը ժողովրդավարությունը դարձրել է Հայաստանի բրենդը, այնինչ մենք հստակ քայլերով հետընթաց ենք ապրում․ Թագուհի Թովմասյան

Img default alt hy

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ, գրում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Կազմակերպության թվիթերյան էջում գրառում է արվել, որով դատապարտվել են վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից կատարվող գործողությունները:

Ներկա իշխանությունը ժողովրդավարությունը դարձրել է Հայաստանի բրենդը և իր իշխանության թիվ մեկ ձեռքբերումը, այնինչ մենք հստակ քայլերով հետընթաց ենք ապրում ժողովրդավարությունից, և այս մասին բազմաթիվ անգամներ հիշատակում են միջազգային կառույցները։

Վերջերս էլ գրություն էի ուղարկել ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ նրան տեղեկացնելով բողոքի խաղաղ ակցիայի ընթացքում քաղաքացիների, լրագրողների և հասարակական գործիչների կողմից ոստիկանության անհամաչափ գործողությունների մասին՝ ներկայացնելով առարկայական ապացույցներ և կոնկրետ դեպքեր, որից հետո ԵԽ Գլխավոր քարտուղարի Մեդիա ազատության պաշտոնական հարթակում CoE Media Freedom նախազգուշացում էր տեղադրվել՝ ի պաշտպանություն լրագրողների, որում հիշատակվում էր նաև ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից լրագրողների նկատմամբ բռնության դեպքը։

Լրագրողների նկատմամբ անօրինական գործողություններին անդրադարձել էր նաև Լրագրողների պաշտպանության CPJ Europe and Central Asia / Committee to Protect Journalists կոմիտեն, որը լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային ոչ քաղաքական կազմակերպություն է։ Հոդվածի վերնագիրն արդեն իսկ շատ խոսուն է՝ «Հայաստանի իշխանությունները պետք է հետաքննեն ոստիկանության և պետական պաշտոնյաների կողմից մամուլի վրա վերջին հարձակումները և ապահովեն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։

Եվ նման հրապարակումներն ու նախազգուշացումները բազմաթիվ են։

Այսօր էլ հենց այս և իշխանության կողմից մարդու ազատության իրավունքի խախտման այլ նախադեպերի մասին քննարկում էի կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հրավիրված էին նաև իրավական ոլորտի ներկայացուցիչներ և վերոնշյալ գործողությունները քննում էինք իրավական տեսանկյունից։

Այո՛, Հայաստանում արդարության մթնոլորտը լուրջ հարվածի տակ է, և սա հովանավորվում է պետական մակարդակով, և ոստիկանական գործողություններն էլ հրահանգված են իշխանության կողմից։ Այս երկակի չափանիշները և նման զարգացումները կործանարար են լինելու մեր երկրի համար»։