Լրահոս
Հասարակական
10:24
05.02.22
611

Իշխանությունը Երևանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի նշանակովի․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետի պաշտոնն ընտրովիից նշանակովի դարձնելու գաղափարն իշխանություններին շատ է դուր եկել։ Քաղաքապետարանում վերջին օրերի պրոցեսները հուշում են, որ մոտ ապագայում օրենսդրական փոփոխություն կանեն և քաղաքապետի պաշտոնը կդարձնեն նշանակովի։

Սրանով է պայմանավորված այն, որ քաղաքապետարանի թափուր պաշտոնների հավակնորդներին ընտրում են ոչ թե պոտենցիալ ձայն բերողների շրջանակից, այլ ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մտերիմ-բարեկամների։

Մինչդեռ ի սկզբանե փնտրում էին ձայն բերողների, որոնք մեկ տարվա մեջ կաշխատեին, ապա կապահովեին ՔՊ-ի հաղթանակը, որ շարունակեն պաշտոնավարել։ Այս պաշտոնը նշանակովի դարձնելու առաջարկը, ըստ լուրերի, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանն արել է Լևոն Շիրինյանը։

Սակայն սահմանադրագետներն այս գործընթացը համարում են բարդ։ Նախ պետք է Երևանին մարզի կարգավիճակ տան, քաղաքապետին՝ մարզպետի, որ վարչապետը նշանակի։

Նման փոփոխության համար սահմանադրական հանրաքվե պետք չէ անել, հնարավոր է խորհրդարանով անցկացնել։ Խնդրահարույցը, ըստ մեր զրուցակցի, կարող է միջազգային կառույցների արձագանքը լինել, որոնք ընտրությունների միջոցով համայնքային իշխանություն ձևավորելու գործընթացը դիտարկում են որպես ժողովրդավարության գործիք։

Հիշեցնենք, որ 30 տարվա ընթացքում տարբեր մոտեցումներ են եղել․ մինչև 95-ը քաղաքապետին ընտրել է Երևանի քաղխորհուրդը, 95-ի Սահմանադրությամբ այն դարձել է նշանակովի, իսկ 2008 թ․ «Երևանի մասին» օրենքով դարձավ ընտրովի։

Սկզբում քաղաքապետին ընտրում էին ուղիղ. 2009-ին առաջին ընտրված քաղաքապետը դարձավ Գագիկ Բեգլարյանը։ 2015 թ. փոփոխություններով՝ Երևանը ճանաչվեց համայնք, և ընտրությունները կայանում են համամասնական ընտրակարգով՝ երևանցիներն ընտրում են ավագանի, ավագանին՝ քաղաքապետ»։