Լրահոս
Հասարակական
16:30
28.10.25
197

Ինչպե՞ս նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը. ՆԳՆ

Img default alt hy

Այսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ և լիարժեք ապագան։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

1. Ինչպե՞ս նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը

Ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից ազատ ժամերին․ օրինակ՝ սպորտ, մշակույթ, կամավորություն և այլն։

• Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը։

• Կապահովի ճիշտ միջավայր։

Հիշենք՝ անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։

2․ Ի՞նչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին

• Գերակտիվություն կամ գերպասիվություն

• Կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր

• Գրգռվածություն, քնկոտություն

• Անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն

• Նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն

• Բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ

• Անհայտ ծագման գումարի առկայություն

• Ընտանիքին պատկանող գումարի, թանկարժեք իրերի անհետացում։

3․ Տնային պայմաններում ինչպե՞ս ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը

• Ձեռք բերել ազատ վաճառվող (օնլայն) մուլտի (սքրինինգ) թեստեր՝ մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար:

• Երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին՝ այն մոտեցմամբ, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։

4․ Ի՞նչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում

• Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

• Պետք է աջակցել հոգեբանորեն, հավաստիացնել, որ նրա կողքին եք։

• Կատարել լաբորատոր հետազոտություն՝ վերջնական ճշգրտման համար։

• Բժշկի հետ խորհրդակցելով՝ ներգրավվել նաև հոգեբանի։

«Հարգելի՛ ծնող, հիշե՛ք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրամիջոցի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ և ապահով միջավայր»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։