Լրահոս
Քաղաքական
18:00
29.04.25
348

Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

Նամակի մասին տեղյակ եմ, ներքին փաստաթղթաշրջանառության համակարգով տեղեկություն է եկել, որ գտնվում է ընդհանուր բաժնում և կհանձնվի արձեռն, իսկ բովանդակության հետ դեռևս ծանոթ չեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ «Արթուն ենք» շրաժման ներկայացուցիչները ԱԺ բոլոր 107 պատգամավորներին նամակներ են փոխանցել, որով առաջարկում են վարչապետին իմպիչմենթի ենթարկելու գործընթաց սկսել:

«Պատգամավորները տեղյակ չէի՞ն, որ կա նման գործիքակազմ, իհարկե տեղյակ էին, ուղղակի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է: Ինձ, օրինակ, շատ հետաքրքիր է, որ գաղափարը առաջարկողները իրենք այդ գործընթացի մեջ ի՞նչ գործառույթ են իրականացնելու: Իրենց ներդրումը ի՞նչ է լինելու, որովհետև բոլորս էլ գիտենք, որ կա նման գործիքակազմ, և բազմաթիվ այլ գործիքակազմեր կան, օրինակ, կառավարությունը ինքն է անվստահություն հայտնում, դատախազն է մտնում և սանկցիա կիրառում, բայց հասկանալի է, չէ՞, որ ստեղծված պայմաններում դրանք իրատեսական չեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ սա ի սկզբանե ձախողված գործընթա՞ց է, այդ դեպքում ո՞րն է նպատակը նման նախաձեռնության, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ես չեմ ուզում փորձել վերլուծել՝ ինչ նպատակ ունեն, որովհետև դա կտանի անպտուղ բանավեճի, բայց եթե, օրինակ, նախաձեռնողները գոնե մի 10-15 ՔՊ-ականի ստորագրություն կներկայացնեն, այդ դեպքում իմաստ ունի խոսել, կամ գոնե իրենք կկարողանան փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ գեներացնել, էլի կարելի է խոսել դրա մասին»:

Ընդդիմադիր գործիչը նկատեց, որ իմպիչմենթը նաև ենթադրում է վարչապետի թեկնածուի առաջադրումը, որը կարող է այս խորհրդարանում կեսից ավել ձայն հավաքել. «Կարո՞ղ են արդյոք նախաձեռնության հեղինակները իրենք գոնե պակասող ձայների թվաքանակով ՔՊ-ականների ստորագրություն ապահովել։ Սա է խնդիրը, թեկնածուներ կան, բայց այս խորհրդարանում ակնկալել, որ ՔՊ-ականներից 15-16-20 հոգի կպոկվի և կմիանա, իրատեսական չէ:

Խոսքն այն մասին չէ՝ մենք ունենք վարչապետի թեկնածու, թե չունենք, իհարկե ունենք, կախված իհարկե նրանից, թե ինչ ֆորմատով կլինեն ընտրությունները, դա էլ է շատ էական: Խոսքն այն մասին է, որ լինի մարդ, ում օգտին կքվեարկեն էական թվով ՔՊ-ականներ, որն այսօր իրատեսական չէ»,-ասաց նա:

Հարցին՝ կտա՞ք վարչապետի ձեր թեկնածուի անունը, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Ընտրությունները լինելու են վա՞ղը: Ինչ ֆորմատով են լինելու ընտրությունները, ովքեր են մասնակցելու, անհայտները այնքան շատ են, որ այդ հարցը տալը նշանակում է ուղղակի փորձել մարդու երևակայությունը ստուգել։ Այնպես չի, որ մենք չունենք անձինք, ովքեր կարող են գլխավորել ցուցակներ, բայց այսօր դրա մասին խոսել, երբ անհայտները այնքան շատ են, դա դառնում է ուղղակի ժամավաճառություն»: