Լրահոս
Իրավական
14:56
12.03.21
80

«Իմ մոտ հարց է առաջանում քննիչը և Աննա Վարդապետյանը ո՞նց են իրար հետ ծանոթացել, հարցի պատասխանը ես ակնկալում եմ ՔԿ-ի ղեկավարներից» Ամրամ Մակինյան

Img default alt hy

Մեր ձեռքի տակ ընկած փաստական տվյալները ցույց են տալիս, որ Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն վերաբերող քրեական գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է խմբագրվում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նրա փոխանցմամբ՝ փաստերը համադրելով իր մոտ համոզմունք է ձևավորվել, որ այդ գործով ուղղորդումներն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։  «Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված բնույթ կրող ծանրագույն հանցագործություն, սա մաֆիային բնորոշ դրսևորումներ են, որ պատվիրվում են, թե անձանց ինչ մեղադրանքներ առաջադրվեն: Այն մաֆիայի մասին է, որի մասին Նիկոլ Փաշինյանն էր խոսում անցած տարի մարտին ԱԺ-ի ամբիոնից և խոսքը ուղղված էր ինձ, որպես մաֆիոզ իրավաբան, պարզվեց ով է ՀՀ-ում մաֆիա ղեկավարում և բացահայտվեց»,– ասաց նա:
 
Փաստաբան Գեորգի Մելիքյանը նշեց, որ մեղադրանքի որոշումը նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթուղթ է, որի հեղինակային իրավունքը բացառապես քննիչինն է և ո՛չ քննչական բաժնի պետը, ո՛չ դատախազը, այդ որոշման նկատմամբ իրավասություն չունեն վերաձևակերպելու։

«Վարչապետի օգնականն ինքն է մեղադրանքի որոշում գրում, վերաձևակերպում, ինքն է քննիչին ցուցումներ տալիս թե տվյալ որոշման մեջ ինչպիսի՞ ձևակերպումներ ներառվեն: Քրեական գործի մեջ կան նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, դրանք ևս հասանելի են դարձել վարչապետի օգնականին և պարզ է դառնում, որ քրեական հետապնդումը ոչ թե իրականացրել է Արթուր Այվազյանը, այլ՝ Աննա Վարդապետյանը: Դուրս է գալիս, որ տվյալ գործով քրեական հետապնդում իրականացնող անձը Աննա Վարդապետյանն է, իսկ բաժնի պետը՝ Նիկոլ Փաշինյանը»,– ասաց նա:

Փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողներին ցույց տվեց փաստաթուղթ՝ նշելով, որ փաստաթղթում ակնհայտ երևում է, թե Աննա Վարդապետյանն ինչ փոփոխություններ է իրականացրել և ինչպես է իր դիտարկումները մտցվել՝ անձին, որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ։

 «Իմ մոտ հարց է առաջանում  քննիչը և Աննա Վարդապետյանը ո՞նց են իրար հետ ծանոթացել, հարցի պատասխանը ես ակնկալում եմ Քննչական կոմիտեի ղեկավարներից: Փաստորեն՝ այս գործով հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Աննա Վարդապետյանը: Ո՞վ է կապել քննիչին Աննա Վարդապետյանի հետ, ո՞վ է հանձնարարել քննիչին, որ Աննա Վարդապետյանին տրամադրի տեղեկություններ, ո՞վ է քննիչին հանձնարարել, որ Աննա Վարդապետյանի կողմից տրված հանձնարարությունները խելոք կատարի, այս հարցի պատասխանները պետք է տա Քննչական կոմիտեի ղեկավարը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Քննչական կոմիտեն և դատախազությունը ԱԱԾ–ին որևէ մեկնաբանություն չի տվել: