Լրահոս
Առողջապահական
15:00
07.05.25
178

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է

Img default alt hy

Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում: Հաճախ այս ամենն այնքան է խորանում, որ մարդկանց մոտ խաթարվում են իրական սոցիալական շփումներն ու ամենօրյա գործունեությունը: Այս մասին հրապարակում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ հասնելով ավելի քան 12%-ի, որը 2018 թվականին կազմել է ընդամենը 7%:
Սոցիալական մեդիայի չարաշահումը բնութագրվում է որպես կախվածություն, որը բերում է վնասակար հետևանքների:

Դրանք են՝
- սոցցանցերում անցկացված ժամանակահատվածի նկատմամբ վերահսկողության կորուստ,
- այլ զբաղմունքներից հրաժարում (ուսում, սպորտ, աշխատանք և այլն),
- իրական սոցիալական կապերի խաթարում (ընկերներ, բարեկամներ, ընտանիք, աշխատանք):

Ինչ ախտանիշներ կարող են դիտվել՝

- իրականության զգացողության և հետաքրքրությունների կորուստ,
- մշտական բնույթ կրող քնի խանգարումներ,
- մշտական թուլության և հոգնածության զգացողություն,
- դյուրագրգռություն, պոռթկունություն,
- դեռահասների մոտ ագրեսիայի դրսևորումներ,
- ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ,
- աշխատունակության և ուսանելիության վատթարացում,
- գլխացավեր:

Սոցիալական մեդիայից կախվածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է դիմել հոգեկան առողջության մասնագետի (հոգեբան, հոգեբույժ): Չափազանց կարևոր է դեռահասների շրջանում կանխարգելումը՝
- կիրառե՛ք սոցիալական մեդիայում անցկացվող օրական ժամանակահատվածի սահմանափակում,
- շաբաթական մեկ անգամ հայտարարե՛ք առանց սոցիալական մեդիայի օր,
- քննարկե՛ք դեռահասի հետ սոցիալական մեդիայի վնասակարությունը և օգուտները,
- առաջարկե՛ք զբաղմունքի այլընտրանքներ՝ սպորտ, հոբբի, ընտանեկան համատեղ ակտիվություն,
- խրախուսե՛ք կենդանի շփումները: