Լրահոս
Հայաստան
15:14
01.04.22
129

Հայաստանն Ադրբեջանից կառուցողական դիրքորոշում է ակնկալում շոշափելի արդյունքների հասնելու համար․ Միրզոյան

Img default alt hy

Հայաստանն Ադրբեջանից կառուցողական դիրքորոշում է ակնկալում շոշափելի արդյունքների հասնելու համար, այս մասին Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո սել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Բովանդակալից քննարկում տեղի ունեցավ։ Անդրադարձ եղավ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի Փառուխ գյուղի տարածքում ադրբեջանական ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները։ 

Քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Քննարկեցինք նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցերի լայն շրջանակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթություններն ու հեռանկարները։

Գործընկերոջս ներկայացրեցի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումը»,- ասել է Միրզոյանը։

ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը համընկել է Եվրոպայում անվտանգության ամենալուրջ ճգնաժամի՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։

 «Պարզ է, որ այս պահին այն իր վրա է կենտրոնացնում ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը։ Բայց ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ ԵԱՀԿ օրակարգում։

Դա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է էթնիկ զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում շարունակելու համար։ Դրա վառ վկայությունն է մարտի 24-ի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Փառուխ գյուղ, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ 

Վիճակը շարունակվում է մինչ օրս։ Ներխուժմանը և ռազմական գործողություններին նախորդել են գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքների չդադարող գնդակոծությունները, Ադրբեջանը վնասել է Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարող կենսական նշանակություն ունեցող գազատարը, ընդ որում, արել է դա ցուրտ եղանակին։ 

Ադրբեջանի ներխուժումը ծրագրված ագրեսիա էր, ինչն ակնհայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ընդունված իր պարտավորությունների նկատմամբ»,- ընդգծեց Միրզոյանը։

«Ուզում եմ նաև նշել, որ, ինչպես գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ 

Մենք առաջարկներ ենք արել և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ Հավատում ենք, որ կկարողանանք շոշափելի արդյունքների հասնել ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման, այնպես էլ ավելի լայն իմաստով համապարփակ խաղաղության հաստատման հարցում՝ միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշման և, հավանաբար, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։