Լրահոս
Հայաստան
11:35
09.04.22
106

Հայաստանի և Սլովակիայի կառավարությունները տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Img default alt hy

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարութունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը։

Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացում ու դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում:

Այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, և այլն։

Փաստաթղթով նախատեսվում է նաև ստեղծել միջկառավարական հանձնաժողով: