Լրահոս
Առողջապահական
21:50
18.01.23
81

Գիրությունը՝ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկ. Ինչպես լուծել խնդիրը

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ գիրությունը ոչ միայն բարձրացնում է քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, այլև ինքնին հանդիսանում է առողջական խնդիր։

Գիրությունից ազատվելը ենթադրում է հասնել առողջ քաշի և պահպանելն այդ քաշը: Դա բարելավում է ընդհանուր առողջությունն ու նվազեցնում գիրության հետ կապված բարդությունների զարգացման ռիսկը:

Բուժմանը կարող են ներգրավվել տարբեր մասնագետներ՝ դիետոլոգը, վարքաբանական խորհրդատուն, որոնք կօգնեն սննդակարգում համապատասխան փոփոխություն կատարել և ակտիվ ֆիզիկական ապրելակերպ զարգացնել:

Նախնական բուժման խնդիրն է մարմնի քաշի 5-10%-ոց նվազեցումը: Սա նշանակում է, որ եթե ձեր մարմնի զանգվածը 91 կգ է և ՄԶԳ-ի չափմամբ համարվում եք գեր, ուրեմն կարիք ունեք կորցնելու ավելցուկային 4,5-9 կգ, որից հետո  առողջական վիճակը կսկսի բարելավվել: Ընդ որում, որքան շատ հավելյալ կիլոգրամներ կորցնեք, այդքան ավելի հեշտ կլինի առողջ քաշին վերադառնալը:

Մարմնի քաշը նվազեցնող բոլոր ծրագրերը պահանջում են, որ մարդիկ փոփոխեն սնվելու սովորությունները և բարձրացնեն ֆիզիկական ակտիվությունը: Նպատակը պետք է լինի առողջ սննդակարգը և բավարար ֆիզիկական ակտիվությունը առօրյա կյանքի բաղկացուցիչ մասը դարձնելը։

Եթե ցանկանում եք ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից, պետք է կալորիաները կարգավորող սննդակարգը զուգակցեք կանոնավոր վարժանքների հետ։

Ավելցուկային կիլոգրամներից ազատվելու համար մարդկանց մեծ մասը կարիք ունի կրճատելու սննդի միջոցով ընդունվող կալորիաները։ Սա երկարատև և հետևողական գործընթաց է, որի էությունը անառողջ սննդատեսակները առողջով փոխարինելն է։ Արդյունքում սննդակարգը դառնում է հնարավորինս հավասարակշռված։ Սա ներառում է նաև ալկոհոլի օգտագործման սահմանափակում։

Գիրությունը բուժելիս սննդակարգի փոփոխությունները կարող են ներառել՝

կալորիաների կրճատում (կանանց համար՝ մինչև 1200-1500 կալորիա և տղամարդկանց համար՝ մինչև 1500-1800 կալորիա),

քիչ կալորիաներով հագեցում (մրգերի և բանջարեղենների մեծ քանակները հագեցնում են քաղցը՝ պարունակելով ավելի քիչ կալորիա),

ավելի առողջ մթերքների ընտրություն (անցում բուսական սննդամթերքներին՝ մրգեր, բանջարեղեններ և ամբողջահատիկավորներ, լոբազգիներ, ձկնեղեն, կերակրի աղի և շաքարի սահմանափակում և այլն),

որոշ սննդամթերքների կտրուկ սահմանափակում (ածխաջրերով կամ հագեցած ճարպերով հարուստ սննդատեսակներ, ալկոհոլ),

մթերքի փոխարինում ցածր կալորիական նախաուտեստներով:

Ֆիզիկական ակտիվությունը կարող է ներառել ոչ միայն կրկնվող և հոգնեցուցիչ վարժություններ, այլև ձեր կողմից նախընտրելի ֆիզիկական վարժանքներ՝ կանոնավոր արագ քայլք, զբոսանք, լող, հեծանվավարություն և այլն։

Գիրության վիրահատական բուժումը կամ բարիատրիկ վիրաբուժությունը կարող է օգնել ծանր ճարպակալմամբ որոշ մարդկանց, որ նրանք ստամոքսի վիրահատական ձևափոխման հաշվին կորցնեն ավելցուկային կիլոգրամներ։ Բարիատրիկ վիրահատությունը սովորաբար առաջարկվում է այն դեպքերում, երբ մարդն ունի  մարմնի զանգվածի խիստ բարձր ցուցանիշ, չի կարողանում այլ միջոցներով կարգավորել մարմնի քաշը, գիրությունն առաջացնում է սրտանոթային կամ այլ վտանգավոր խանգարումներ կամ բացասաբար է ազդում առօրյա գործառույթների վրա։