Լրահոս
Հասարակական
12:09
13.04.22
691

Գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Փաշինյան

Img default alt hy

Մեզնից անսովոր և գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ու պահպանելու համար ու պիտի խոստովանենք, որ այս ոլորտում հուսալի երաշխիքների համակարգ դեռևս չենք կարողացել ստեղծել, խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է:

«Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն:

Այս նպատակի իրագործման, խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ և բալանսավորված քաղաքականություն, և մենք մեր ժողովրդից շարունակական աջակցությունն ենք ակնկալում այս կենսական խնդիրը լուծելու համար:

Մենք չենք ուզում իրավիճակի մեղմասացությամբ հանդես գալ մեր ժողովրդի առաջ և բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջև:

Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ ու, որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից պատմական մեզ հայտնի հանգրվանով չավարտել, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ:

Մեզ հարկավոր է լիարժեք համախմբում մեր պետության ու պետական ինստիտուտների շուրջ, մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական ու ազգային միասնություն, մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի:

Եվ համոզված եմ, մենք դա կանենք և դա է մեր պատմական առաքելությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: