Լրահոս
Հայաստան
14:36
09.04.22
260

Ֆոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր, այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև․ Հայկ Խանումյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ-ի հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ։

«Հայկական հանրային դաշտում, հատկապես մեկնաբանողների հանրության մեջ, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն իռացիոնալ է՝ հաճախ մառազմի հասնող իռացիոնալ:

Այս իռացիոնալ տրամադրությունները, կարծրատիպերը մեծամասամբ փոխանցվում են պետական կառույցներին՝ զգալիորեն բարդացնելով հայ-ռուսական հարաբերությունները:

Մոսկվայում ՀՀ դեսպանությունը մնում է ՀՀ ամենաթույլ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը, ՌԴ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ի շրջանակներում Մոսկվայում հիշատակելու արժանի մեկ միջոցառում կա միայն, այն էլ կազմակերպված հասարակական կազմակերպության կողմից (ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը ՌԴ ԱԳՆ վերլուծական կենտրոնի հետ համատեղ կլոր սեղան է կազմակերպել նվիրված դիվհարաբերությունների 30-ամյակին):

Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ:

Վերջին նախադասությունը կարող էր վերաբերել նաև շատ այլ երկրների: Անվտանգային, տնտեսական, գոյութենական այսքան մեծ մարտահրավեր ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարելի նման անպատասխանատու վարքագիծ ունենալ:

Սա վերաբերում է թե՛ պետական կառույցներին, թե՛ համալսարանական-վերլուծական կենտրոններին, թե լրատվամիջոցներին:

Ֆոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր՝ առաջ տանելու համար մեր շահերն այս տարածաշրջանում և հաղթահարելու 2020 աղետը և դրա հետևանքները: Այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև», - նշել է Հայկ Խանումյանը։