Լրահոս
Միջազգային
11:00
21.05.22
230

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում:

-Մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Որոշ քննադատություն կա, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

 – Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետև Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր և Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են և ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում:

-Իսկ Բրյուսելում որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսվու՞մ է:

-Ոչ, որովհետև, օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ և բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաև մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետևաբար որևէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն: