Լրահոս
Քաղաքական
15:57
29.03.22
281

«Բոլոր լծակներն անխնա օգտագործեցին. ես չեմ պարտվել Գարիկ Սարգսյանին». Սպարտակ Թարթիկյան

Img default alt hy

Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած մարտի 27-ի ընտրություններին իշխանությունը բոլոր լծակներն անխնա օգտագործեց։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Թարթիկյանը։

Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում էին երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ Ընտրության արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13 139 ձայն, «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694 ձայն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։  Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում ընդգրկված են ավագանու 80 թեկնածուներ․ ցուցակը գլխավորում էր «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։

«Ես չեմ պարտվել Գարիկ Սարգսյանին, ես պարտվել եմ պետական համակարգի իշխանության բոլոր լծակներին, ֆինանսական ահռելի միջոցներին։

Երկրորդ ընտրությունները գնահատում եմ այսպես՝ բոլոր լծակներն անխնա օգտագործեցին։ Ամբողջ պետական համակարգը Պաշտպանության նախարարով, պատգամավորներով աշխատում էին ընդամենը մի փոքր համայնքի՝ Սիսավանի նախկին ղեկավարի դեմ։

Ափսոս, որ Սուրեն Պապիկյանն իմ երկրի Պաշտպանության նախարարն է, հակառակ պարագայում ամեն ձևի կնկարագրեի։ Այն ժամանակ պետական լծակները 50 տոկոսով էին աշխատում, բայց հիմա ահռելի ֆինանսական միջոցներ դրվեցին։ Մեր անվտանգության հարցերը թողած բոլորը լծվել էին Վեդիի ընտրություններին»,- ասել է Թարթիկյանը։

Սպարտակ Թարթիկյանը նշել է, որ իր պայքարը շարունակելու է.

«Ես միանշանակ պայքարելու եմ հանուն իմ արժանապատվության, պայքարելու եմ իմ համայնքների շենացման գործի համար»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ինքը համագործակցի Գարիկ Սարգսյանի հետ, Թարթիկյանը պատասխանել է.

«Ամոթանք եք տալիս»։