Լրահոս
Քաղաքական
11:52
04.11.22
132

Բանակցությունների սեղանին Հայաստանը պետք է հանդես գա հայկական օրակարգով. «Իրավունք»

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրում է․

«Ֆրանսիայի հրապարակում նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, խորհրդարանական ընդդիմությունը հրավիրում է միասնության հանրահավաքի՝ շեշտելով, որ միասնությունը ոչ թե որևէ անձի կամ ուժի, այլ Հայաստանի և Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ է: Այս մասին զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

-Պարոն Սաղաթելյան, փաստորեն, հանրահավաքով ևս մեկ անգամ արձանագրելո՞ւ եք, որ դեմ եք հիմնախնդրի լուծման արևմտյան տարբերակին, որով նախատեսվում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:

-Ամեն ինչ շատ պարզ է, նաև վերջին Ազգային ժողովի հայտարարություններին մասնակցելու մեր նպատակն էր, որ հստակ արձանագրվեր՝ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է: Ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք:

Ընդ որում՝ լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, չինական, հնդկական, թե արևմտյան, կապ չունի: Որևէ տարբերակ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ համար անընդունելի է: Էլի եմ ասում՝ մինչև վերջ պայքարելու ենք դրա դեմ: Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը և մանդատը` միայնակ որոշելու հինգհազարամյա ժողովրդի ճակատագիրը: Բազմաթիվ անգամ ասել ենք՝ սա միայն Արցախի հարցը չէ, այլ Հայաստանի, հայկական պետականության գոյության հարց է: Այն, ինչ անում է այս խեղկատակը մեր երկրի, ժողովրդի գլխին, տանելու է կործանման, որը պետք է պարզապես կանխել և կասեցնել:

-Հանրային ընդվզման նոր ալիքով հնարավոր լինելո՞ւ է կանխել և կասեցնել այս կործանարար ընթացքը:

-Միակ ճանապարհը` երկիրը նոր կապիտուլիացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների և նրանց վարած քաղաքականության դեմ: Այս առումով մեր պայքարը որևէ կերպ կանգ չի առել, և վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք դրա համար: Լինի Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, թե` մեկ այլ տեղ, մեր դիրքորոշումը շատ հստակ է: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ մենք ամեն տեղ մի բան չենք ասում, մյուսին հակասում: Մեզ համար կարմիր գիծ է և քննարկման ենթակա չէ, չի՛ կարող լինել որևէ լուծում, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում:

-Հիմա իշխանական շրջանակներն առաջ են տանում այն թեզը, թե Հայաստանը, բանակցություններում չշոշափելով Արցախի հարցը, ճանապարհ է բացում Ադրբեջանի և Արցախի ուղիղ երկ- խոսության համար: Ի՞նչ կասեք այս մասին:

-Սա արդեն ձեռառնել է նշանակում: Ամեն ինչ այնքան ակնհայտ է և պարզ, որ նույնիսկ մանևրելու տեղ չկա: Միայն Նիկոլ Փաշինյանը, իր թիմը և իրեն սպասարկողները կարող են ժուլիկություն անել և փորձել ժողովրդին համոզել հակառակը: Սրանք այնքան են խաբել, որ իրենց ամեն մի հայտարարությունը մեր հասարակության ու ժողովրդի համար վիրավորանք է: Ինչքա՞ն կարելի է ամեն անգամ զիջել, պայմանավորվել ու արդարանալ, ինչ-որ հիմ- նավորումներ բերելով, թե` այդպես չէ, դուք մեզ սխալ եք հասկացել:

-Իսկ ինչպե՞ս հասկանալ այն, որ իշխանությունը մի կողմից` հակառուսական տրամադրություններ էր գեներացնում, իսկ մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ռուսական կողմի առաջարկներն ընդունելի են և ստորագրում է Սոչիում ընդունված հայտարարության տակ:

-Սա նշանակում է աշխարհաքաղաքական ճողվածք, այսինքն՝ գնալ Բրյուսել ասել մի բան, Մոսկվայում` մեկ այլ բան, Վաշինգտոնում` մի ուրիշ բան, և գավառական ժուլիկությամբ երկիրը սարքել աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության և հակասությունների մանրադրամ: Գիշերը ՀԺ-ով այլ բան է գրում, կեսօրին Թվիթերով այլ բան է ասում, իսկ երեկոյան, վստահ եմ, զուգահեռ այլ կենտրոնների այլ բան է ասելու և գնալու է փակ սենյակներում լրիվ ուրիշ բան ասի:

-Ակնհայտ է, որ Արևմուտքն այդքան հեշտությամբ իր առաջարկած տարբերակից ձեռք չի քաշի: Ըստ Ձեզ` դրանո՞վ է պայմանավորված վերջին օրերին Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, արևմտյան այլ բարձրաստիճան ներկայացուցիչների ինտենսիվ այցերը Հայաստան:

-Ամեն մեկն այս իրավիճակում իր «փայն» է ուզում Հայաստանից, մինչդեռ բանակցությունների սեղանին Հայաստանը պետք է հանդես գա հայկական օրակարգով: Հաճախ մեզ հարց են տալիս՝ մոսկովյան տարբերակի՞ն եք կողմնակից, թե՞ վաշինգտոնյան... Մենք հայկական տարբերակ ենք ուզում, որը կպաշտպանի հայկական շահերը և մեր պետականության 5 գոյությունը չի վնասի:

Նիկոլի առաջարկածը և իբր միջազգային աջակցության ծրագիրն Արցախի հանձնում է, որը բերելու է հայկական պետականության կորստի: Ովքեր ասում են՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք, նրանք հայ ժողովրդի դավաճաններն են: Դրանով Հայաստանը չենք պահելու, հիշեք՝ թուրքը հասավ Ջերմուկ այն ժամանակ, երբ տվեցինք Բերձորը, Աղավնոն, Սուսը և մյուս համայնքները:

-Բայց իշխանությունն իմիտացիա է ստեղծում, որ բոլոր ռեսուրսները ներդրել են և ամեն ինչ անում են մեր բանակի և արտաքին քաղաքականության համար...

-Եթե ամեն ինչ անում են, և լինում է այն, ինչ կա, ուրեմն՝ ոչինչ չեն անում, ի վիճակի չեն և րոպե առաջ պետք է հեռանան: Գիշեր-ցերեկ խոսում են տնտեսական աճից , բայց հայ զինվորը դեռ վրանների տակ է: Ասում են՝զենք չունենք, բահ, ցեմենտ ու տրակտոր էլ չունե՞ն, որ խրամատ փորեն:

Հետևողականորեն, ծրագրավորված դավաճանության և անգործության արդյունքում երկիրը կտոր-կտոր հանձնում են, էլ ուրիշ բացատրություն չկա: Ուզում եմ շատ հստակ արձանագրել` մենք դեմ չենք խաղաղությանը, դեմ չենք բանակցություններ վարելուն` այդ թվում նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Բայց այդ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի հայրենազրկման և Արցախը կորցնելու գնով: Հետևաբար այն տպավորությունը, թե ընդդիմությունը չի ուզում բանակցել, ուզում է պատերազմ, անհիմն է: Մենք ուզում ենք իրական և արժանապատիվ խաղաղություն ու դրա համար պատրաստ ենք պայքարելու: Այդ հնարավորությունն ու ռեսուրսները կան: Թշնամու զորքերը պետք է դուրս շպրտվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Դու չես կարող խոսել խաղաղության մասին, երբ մեր խրամատներում այս պահին կան հայ զինվորների դիակներ, այդ թվում` նաև բուժքրոջ դիակ: Բայց այս պայմաններում գնում են Ալիևի ու էրդողանի հետ սիլի-բիլի են անում, ժպտալով խոսում են ինչ-որ խաղաղության մասին: Դրա համար էլ մեզ որևէ մեկը չի հարգում, և այսօր Հայաստանն այս իրավիճակում է:

-Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Քըլըչն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ չբացառելով «Ֆուտբոլային դիվանագիտություն 2» տարբերակը և ընդգծել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս դրական ընթացք կա, և այն առանց սադրանքների պետք է անցնի: Ի՞նչ կասեք այս մասին:

-Երբ նոր սկսվում էին Թուրքիայի հետ բանակցությունները, մեզ ասում էին՝ մի կապեք այն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Մինչդեռ Ադրբեջանը չի կարող Թուրքիայից առանձին քաղաքականություն վարել, որովհետև իրենց նպատակը մեկ է: Անընդհատ արդարանում էին, թե տարանջատում են արել, Թուրքիայի հետ առանձին հարաբերություններ են փորձում պարզել, հիմա են հասկացել, թե ինչ էինք ասում:

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնալիք է ՀՀ պետականության համար, և իրենց բոլոր քայլերը բխում է դրանից: Իրենք խաղաղության անվան տակ փորձում են Արցախում իրականացնել նոր ցեղասպանություն և էթնիկ զտում: Մենք պետք է ունենանք իշխանություն, ով պատրաստ է պաշտպանելու երկրի սահմանները, այսինքն՝ տարածքային ամբողջակասնությունը, պայքարելու ինքնորոշման և ինքնիշխանության համար:

Հիմա այս իշխանությունը ձև է բռնել, թե պայքարում են ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար ուկեղտոտքարոզչությունենիրականացնում: Մինչդեռ 127 քառ. կմ թշնամին տարածք է գրավել այս մեկուկես ամսվա ընթացքում: Սա Երևանի կեսից ավելին է: Ու այսքանից հետո` ինչ-որ ինքնիշխանությունից են խոսում: Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքն այսօր ՀՀ իշխանությունն է:

-Այդուհանդերձ, 44-օրյա պատերազմից հետո` օրինակ, Թուրքիայի հետ չերկխոսելու այլընտրանքը ո՞րն է:

-Մենք երբեք չենք ասում Թուրքիայի հետ չպետք է խոսենք: Ասում ենք, որ պետք է խոսենք ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Արևմուտքի, ե՛ւ գլխավորապես նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ու մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մենք երբեք խոսելուն դեմ չենք , բայց այդ խոսակցության և սեղանին դրված տարբերակներում պետք է քննարկման առարկա լինեն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի կենսական շահերը:

-Ինչպե՞ս...

-Շատ հստակ, կան կարմիր գծեր, որոնք երբեք հատել հնարավոր չէ: Այն անճարությունը, որ ասում են՝ դե ի՞նչ անենք, բանակ չունենք, զենք չունենք, պետք է մի կողմ դնել: Դու որևէ բան չես արել այդ ամենն ունենալու համար: Ավելին` հետպատերազմյան երկրում վեց ամիս գլխավոր շտաբի պետ չես ունեցել, երկու տարվա մեջ նորմալ փորած խրամատ չունես: Սա նշանակում է, որ ոչ թե հնարավորություն ու ռեսուրս չկա, այլ ցանկություն չկա:

Այսպես են իրականացնում թշնամու ծրագիրը: Այդ «ինչպես»-ի պատասխանը բազմաթիվ անգամ ասել ենք, թե որն է: Պետք է ճիշտ արտաքին քաղաքականություն, բանակի վերականգնում և ժողովրդի համախմբում, որ այս իրավիճակից դուրս գանք: Սրանք անում են ամեն ինչ ճիշտ հակառակը, հետևաբար չի կարող սրանցով լինել այդ հնարավորությունը»: