Լրահոս
Քաղաքական
14:51
01.11.22
104

ԱԺ փոխնախագահը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Img default alt hy

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին Հայաստանին աջակցելու համար:

Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է նաև, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը: Ընդգծվել է նաև հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հրամայականը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ամբողջ տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության հաստատումը: