Լրահոս
Քաղաքական
11:15
14.04.22
315

Այս իշխանությունները Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հետ կապ չունեին ու դա այլևս ասում են՝ ուղիղ․ Վարդևանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներկայացրել է Ազգային ժողովում երեկ հնչած հայտարարությունները, որոնք կարելի է բաժանել երկու խմբի.

«1)44-օրյա պատերազմի մանրամասներ, հենց իշխանությունների կողմից շրջանառված թեզերի ոչնչացում: Մի շարք ինքնախոստովանություններ, որոնք այսօրվա իրավապահները չեն նկատելու:

Պատկերացրեք, այս ամենը խոսում է մի մարդ, ով ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ»: Սա ասում է մի մարդ, ով հստակ հրաժարվեց բանակցային գործընթացից, քանի որ ինքը սկսում էր «Զրոյական կետից»: Սա է ազնվության բացակայությունը և պոպուլիզմը:

Կարծում եմ հենց դրանից է, որ բազմաթիվ ՀԵՐՈՍՆԵՐԻ ծնողներ իրենց մեղմ ասած զայրույթը հենց այսօր են արտահայտում, հենց այդ բացահայտումներից հետո:

2)Երկրորդ խումբը այս իշխանությունների խոստացած «ապագայի» մասին է: Իշխանությունները, որոնք մեր իրականությունը հասցրել են այն կետին, որ ընդդիմադիր պատգամավորները չկարողանան մուտք գործել Արցախ՝ հայտարարեցին, որ չեն պատրաստվում պաշտպանել Արցախի Հանրապետության անկախությունը:

Հստակ պատրաստվում են Արցախի հայաթափմանը: Պատճառաբանում են, որ ԻՐԵՆՔ, այս իշխանություններն այլ տարբերակ չունեն: Եկեք հստակ ֆիքսենք այս իշխանություններին ՀԱՅ ՄԱՐԴ նման մանդատ չի տվել, երբեք ՉԻ ՏՎԵԼ: 2022 թվականի ապրիլի 13-ից հասարակության մեջ այլևս չկա ենթադրություն կամ վերլուծություն:

Այս իշխանությունները պատրաստ են հանձնել ամեն ինչ, հրաժարվել ամեն ինչից: Այլևս սրանք բաց ու հստակ փաստեր են բոլոր բոլորի համար: Այս իշխանությունները Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հետ կապ չունեին ու դա այլևս ասում են՝ ուղիղ:

Հ.Գ. Հատուկ ուզում եմ նշել, որ Արցախի Աղավնոյի անցակետում այդ անասելի տհաճ պայմաններում, մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարները եկել էին հանդիպելու ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին:

Կարծում եմ այդ հանդիպման խորհուրդը պետք է լինի այն, որ մենք, մեր Հայրենակիցները, ընդդիմությունը, ոչ իշխանական բոլոր ուժերը, բոլորս՝ չենք հանդուրժելու այս իրավիճակը, համախմբվելու ենք, դուրս ենք գալու թմբիրից, արդյունավետ ու վճռական ենք լինելու: Վստահ եմ գիտեք՝ այլ տարբերակ չկա»: