Լրահոս
Հայաստան
13:30
15.05.22
511

Այդ վեց սկզբունքներն ազգային խայտառակություն են. Արմեն Աշոտյան

Img default alt hy

Երեկ այդ առաջարկները հրապարակվել են, և ես պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ դա բացարձակ խայտառակություն է։ Այսինքն՝ վաղուց ոչ ոք նման առիթ չի տվել Ադրբեջանին ու միջազգային հանրությանը ծաղրել Հայաստանի քաղաքական, դիվանագիտական միտքն ու ներուժը։ Այս մասին, մայիսի 14-ին, ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին ուղարկված վեց առաջարկները։

«Այս, այսպես կոչված, վեց առաջարկները պարզապես ցածրակարգ շարադրություն են, որը չի պարունակում լուրջ ինտելեկտուալ քաղաքական աշխատանք, որից որևէ շահեկան քաղաքական հետևանքներ ակնկալելը միամտություն կլինի»,- նշել է Արմեն Աշոտյանը։

Նա մեկնաբանել է նաև Հայաստանի անունից Ադրբեջանին ուղարկված երկրորդ առաջարկը, որտեղ ասվում է, թե Հայաստանը հայտարարել է, որ ԱՊՀ մտնելիս տարածքային պահանջներ չունի և չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ։

«Հայաստանը 1992 թվականին այս պայմանագիրը արցախյան հակամարտության հետ կապված վերապահումով է վավերացրել։ Ձեզ նորից խաբում են։ Նիկոլը ստում է, Արարատը ստում է, հիմա նրանց միացել է Էդմոնը։ ԱՊՀ մտնելիս Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ տարածքային ամբողջականությունը չի ճանաչվում միջազգային կառույցներ մտնելիս, այլ ճանաչվում է երկկողմ հարաբերությունների շրջանակներում»,- ընդգծել է նա։

Ինչ վերաբերում է երրորդ առաջարկին, Արմեն Աշոտյանը նշել է, որ դրանում նշվում է, որ հայկական կողմի համար լուծման հիմնարար խնդիրներն են անվտանգության երաշխիքների լուծմանը, արցախահայության իրավունքների ու ազատությունների հարգմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին վերաբերող հարցերը։

«Հիմա հարց՝ եթե Արցախը չեն հանձնում Ադրբեջանին, Նիկոլը չի հրաժարվում Արցախից, ինչո՞ւ Հայաստանը այս կետում չի նշել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը պետք է հայ-ադրբեջանական բանակցային փաթեթի մաս կազմի։ Ի՞նչ է նշանակում «Արցախի ժողովրդի ազատության իրավունքներ։ Ո՞վ է դա երաշխավորելու»,- նշել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունների համար չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք։

Նրա խոսքով՝ այս ձևակերպումից հստակ բխում է, որ այդ կարգավիճակը կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում։ Աշոտյանի խոսքով՝ երրորդ կետը դավաճանությունն է։

Քաղաքական գործիչը մեկնաբանել է չորրորդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանը կարևորում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարությունների կետերի լիարժեք կատարումը։ Խոսքը, մասնավորապես, գերիների վերադարձի և հաղորդակցությունների բացման մասին է։

«Ինչպե՞ս կարող են արդեն ստորագրված երեք հայտարարությունները սկզբունք համարվել»,-նշել է Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ կետը կարելի էր սկզբունքային անվանել, եթե նշվեր այս գործընթացի իրականացման հնարավորությունը միայն հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ադրբեջանական բանտերից ազատ արձակելու դեպքում։

Հինգերորդ սկզբունքն ասում է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ խաղաղ միջպետական հարաբերություններ հաստատելու շուրջ՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։

«Այս կետում էլ են նրանք փորձում տակից դուրս գալ՝ հայտարարելով, որ այստեղ գրված է ինքնորոշման իրավունքի մասին։ Նրանք կրկին ապացուցում են, որ չունեն համարձակություն, ցանկություն, գիտելիք՝ առաջ տանելու ազգերի ինքնորոշման սկզբունքը»,- ընդգծել է ՀՀԿ փոխնախագահը։

Նա նշել է, որ առանց այս սկզբունքի բոլոր խոսակցությունները տանում են դեպի Արցախը Ադրբեջանին միացնելուն։

Մեկնաբանելով վեցերորդ կետը, որ համապատասխան բանակցություններ կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, քաղաքական գործիչը կրկին նկատել է, որ այդ կետը ոչ թե սկզբունք է, այլ դիվանագիտական ձևակերպման տարր։

Բացի այդ, Արմեն Աշոտյանը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի ասածը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի սպասի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնմանը, այլ հարաբերությունները կկարգավորի երկկողմ ձևաչափով, իսկ այս սկզբունքում հայտարարում է, որ ինքը կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ է պատկերացնում»։