Լրահոս
Իրավական
15:46
04.05.21
56

Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ քրգործ հարուցելու որոշումը եւ գործի նյութերը ՀՔԾ-ում են

Img default alt hy

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու բողոքի հիման վրա քրեական գործ հարուցելու մասին Դատախազության որոշումը եւ քրեական գործի նյութերը Հատուկ քննչական ծառայությունը ստացել է։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից։

Հիշեցնենք, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:

Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել եւ ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչեւ 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի):

Նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ:

ՀՀ նախագահի ընտրության համար Ա. Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը եւ Արմեն Սարգսյանի կողմից իր դիմումում նշված՝ այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ հայտարարությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել նաեւ, որ որեւէ իրավական ակտով սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը ստուգելու այլ կարգավորումներ:

Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն, սակայն ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա վերացրել է ՀՔԾ որոշումը եւ հարուցել է քրեական գործ ՀՀ ՔՕ 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով: