Լրահոս
Արցախ
10:19
15.04.22
186

Արցախում սահմանվել են ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ սահմանվել են Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները.

«1.Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում, ելնելով պետական և հասարակական արտաքին և ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ռազմական բնույթի տեղեկատվության, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի տեղեկատվության, Արցախի Հանրապետության սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվության և հրապարակումների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում), կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

2.Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) առերևույթ կեղծված ներկայացվող և (կամ) հերքող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

3.Արգելվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը:

4.Հաղորդումների հետ կապված պաշտոնական հայտարարություններով­ հանդես են գալիս Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինները, իսկ այլ անձինք` Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ:

5.Հաղորդումները հրապարակվում են Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի կամ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության կամ համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինների ղեկավարների կամ լիազորված ներկայացուցիչների միջոցով։

6.Պաշտոնատար անձինք և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ հաղորդումների վերաբերյալ հայտարարություններով­ և մեկնաբանություններով­ միայն Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:

7.1-3-րդ կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Արցախի Հանրապետության ոստիկանությունը:

Արցախի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»:

Սահմանված կանոնների խախտումը ենթադրում է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի հետևյալ մասերով նախատեսված են՝

«5.Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

6.Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

7.Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով»:

Իսկ Քրեական օրենսգրքի 321.4-րդ հոդվածը սահմանում է՝

«1.Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: