Լրահոս
Քաղաքական
19:40
28.10.22
109

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

Img default alt hy

Հոկտեմբերի 28֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի հետևանքների վերացման, մասնավորապես` ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը: