Լրահոս
Հասարակական
12:54
19.01.23
114

Ապրիլ ամսից նախատեսվում է սկսել Վարդենիսի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքները. ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գեղարքունիքում էր

Img default alt hy

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ մի շարք կարևոր հարցեր քննարկելու և մարզի բուժհաստատություններում տեխնիկական վերազինումների և շինարարական աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, այցի ընթացքում նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կազմակերպված ընդունելությանը մասնակցել են Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի բժշկական կենտրոնների, Ճամբարակի առողջության կենտրոնի և Մարտունու ծննդատան տնօրենները։

Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախարար Անահիտ Ավանեսյանին՝ սեպտեմբերի 13-14-ի թշնամու ագրեսիայի հետևանքով մարզին հասցված վնասների վերականգնմանն աջակցելու, ինչպես նաև՝ նախորդ տարվա ընթացքում նախարարության հետ համատեղ մարզի առողջապահական համակարգում տարբեր ծրագրերի իրականացման և այս տարվա ընթացքում նախատեսվող ներդրումների համար։

Նշված ծրագրերը ներառում են Մարտունու բժշկական կենտրոնի շենքի շինարարական աշխատանքների ավարտը, Գավառի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի հարցը, Վարդենիսի բժշկական կենտրոնի շենքի վերակառուցումը, Լճափ, Դպրաբակ և Ծակքար բնակավայրերում բուժամբուլատորիաների կառուցումը, ՀՀ կառավարության աջակցությամբ անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում մարզի բժշկական, առողջապահական կենտրոնները և Մարտունու ծննդատունը, ինչպես նաև մի շարք առողջության առաջնային պահպանման կենտրոնները անհրաժեշտ բուժսարքավորումներով համալրելը։

Քննարկվել են նաև մարզի բժշկամանկաբարձական կետերի տարածքների հասցեականության ձեռքբերման, դրանց շուտափույթ վերանորոգման և վերազինման ծրագրի իրականացման, մարզի բուժհիմնարկները նեղ մասնագետներով համալրելու, բուժհիմնարկներում ծառայությունների դիմաց վճարումները անկանխիկ եղանակով տրամադրելու և ոլորտին առնչվող մասնագիտական բնույթի այլ հարցեր։

Առողջապահության նախարարն իր հերթին կարևորել է նման հանդիպումները, քանզի դրանց ընթացքում ավելի հստակեցվում են առկա խնդիրներն ու պլանավորվում առաջիկա անելիքները։

Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով 2023 թվականի ապրիլ ամսից նախատեսում է սկսել Վարդենիսի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները, այս պահին աշխատանքներ են իրականացվում Մարտունու բժշկական կենտրոնի գույքի և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, մարզի բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման և արդիականացման, նոր ծառայությունների ներդրման ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համագործակցված աշխատանք տանել պետական առողջապահական գործակալության հետ, որպեսզի մարզի բուժհիմնարկներում առկա խնդիրները կարգավորվեն սեղմ ժամկետներում։