Լրահոս
Քաղաքական
00:00
27.10.22
121

Աննա Վարդապետյանը` սեփական սնապարծության ու ինտրիգների ծուղակում. սուր բախում` ՔԿ նախագահի հետ

Img default alt hy

«168.am»-ը գրում է․ 

«Գլխավոր դատախազի պաշտոնում իր ոչ երկար պաշտոնավարման ընթացքում Աննա Վարդապետյանն արդեն իսկ հասցրել է բախումներ ունենալ ոչ միայն դատախազությունում, այլև իրավապահ մարմինների ղեկավար կազմերի հետ, և սրա արմատը թաքնված է Աննա Վարդապետյանի` Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնում ծավալային գործունեության հետ։

Մի առիթով գրել ենք, որ Աննա Վարդապետյանը կոնֆլիկտ է ունեցել Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քարամյանի հետ։

«168.am»-ը տիրապետում է թեմայի վերաբերյալ բացառիկ մանրամասների։

Պարզվում է` հոկտեմբերի 8-ին` Քննչական կոմիտեի ծառայողի օրվան ընդառաջ, ինչպես սովորաբար լինում է, Արգիշտի Քյարամյանը գլխավոր դատախազին է ուղարկում ՔԿ աշխատակիցների 4 անուն, որ Աննա Վարդապետյանը նրանց պարգևատրի գերատեսչական մեդալով կամ շքանշանով։

Ցանկի մեջ նաև եղել է ՔԿ նախագահի տեղակալներից մեկի անունը։ Քանի որ այս պատմությունը դեռ շարունակություն է ունենալու, այս պահին ՔԿ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի անունը չենք հրապարակում։ Աննա Վարդապետյանը ստորագրում է 4-ից երեքի պարգևատրման հրամանները. չի ստորագրում միայն ՔԿ նախագահի տեղակալի հրամանը։ Այս բացահայտ դեմարշը շատ ցավոտ է տանում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով, մեր տեղեկություններով, իր վարորդի միջոցով հետ է ուղարկում մնացած 3-ի պարգևները` մոտավորապես «Տար, շփի երեսին։ Մեզ իր պարգևները պետք չեն» ձևակերպմամբ։

Ակնհայտ է, որ Աննա Վարդապետյանը հենց այնպես չի ընտրովի մոտեցում ցուցաբերել ՔԿ աշխատակիցների առնչությամբ: Այս պատմությունը խոր հիմքեր ունի: Բայց նախ՝ մի փոքր նախապատմություն:

2021թ. մարտի 10-ին 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել։ Դրանցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Այս հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ, ավելի ուշ ևս մեկ սկանդալային ձայնագրություն տարածվեց, որում ընդհանուր չաթում ՔԿ պաշտոնատար անձը քննիչներին հիշեցնում էր՝ վաղը Վարդապետյան Աննան է գալու ժամը 10:00-ին, չուշանաք:

«Բարի լույս բոլորին. մի րոպե ուշադրություն։
Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ, ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,- ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը»։