Լրահոս
Հասարակական
15:26
08.02.21
56

Անհետ կորածների հարազատները ՊՆ-ի դիմաց են․ նախարարը կհանդիպի նրանցից հինգի հետ

Img default alt hy

Անհետ կորածների հարազատները Պաշտպանության նախարարության դիմաց են։ Նրանք պահանջում են հանդիպել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, հայտնում է pastinfo-ն։

«Պետք է հանդիպենք Վաղարշակ Հարությունյանին և Օնիկ Գասպարյանին։ Մեր պահանջն է, որ հանդիպենք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ամեն մեկն իր հարցը տա ու պատասխանը ստանա»,-նշեց անհետ կորածներից մեկի հարազատը։

Նա նշեց, որ նախարարին հանդիպելու դեպքում առաջին հերթին բարձրաձայնելու է գերիների հարցը․ «Հաջորդ խնդիրն այն է, որ որոնողական գործողությունները մեկ իրականացվում են, մեկ էլ չեն իրականացվում։ Մեկ-երկու ժամ թողնում են որոնողական աշխատանք անել ու շաբաթներով էլի թույլ չեն տալիս։ Բացի այդ բարդ բան չենք պահանջել Վաղարշակ Հարությունյանից և մնացած բարձրաստիճան սպաներից, որ գնան այնտեղ, որտեղ թողել են երեխաներին։ Թեկուզ մի դի դուրս բերեն կամ մի ողջ երեխա գտնեն, ծնողն իրենց չի նայի այն աչքերով, որով նայում է»,-ասաց անհետ կորած զինծառայողի մորեղբայրը։

«Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ նախարարությունից տեղեկացրել են, որ ժամը 15։00-ին հանդիպում կլինի, սակայն նախարարն ընդունելու է ծնողներից միայն հինգին։ Թեև անհետ կորածների ծնողները համաձայն չեն այս պայմանին, այնուամենայնիվ նրանցից հինգը կգնա նախարարի հետ հանդիպմանը և կփորձի այնպես անել, որ մյուս ծնողներն էլ միանան հանդիպմանը։