Նրա կարծիքով՝ 3 աշխատակիցները ֆիզիկապես չեն կարող հասցնել այցելել այն վայրերը, որոնք հեռու են մարզկենտրոնից:
«Մի խոսքով, գյուղատնտեսությունն ամբողջությամբ լուծարվում է»,- ասաց Դալլաքյանը:
Կառավարության նիստի ավարտից հետո աշխատակիցներին մոտեցավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Սարիբեկ Դալլաքյանը ներկայացրեց իրենց դժգոհության պատճառը:
«69 աշխատակցի ներկայացրել եք հաստիքների կրճատման, ազատում եք աշխատանքից, կոպիտ ասած՝ 69 ընտանիք Դուք էսօր թողում եք սոված, 69 ընտանիք Դուք հացազուրկ եք անում, Ձեր կառավարության որոշման հիման վրա, խնդրում եմ, որ նույնը լսի նաև պարոն Փաշինյանը, 69 ընտանիք ինչո՞վ է ապրելու: Բոլորը բարձրագույն ավարտած մարդիկ են, ունենք 10-ից ավելի գիտության թեկնածուներ, որոնք մեծ ներդրում ունեն»,- ասաց Դալլաքյանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քաղաքացիներին առաջարկեց իրենց մարզերում այլ աշխատանք գտնել՝ պնդելով, որ հաստիքների կրճատումը որևէ մեկի դեմ ուղղված չէ.
«Էդ 69 ընտանիքի աշխատավարձը տալիս է 600.000 աշխատող, էդ մարդիկ, որ մեզ հարկեր են վճարում, իրենք ուզում են, որ էս կառավարությունն արդյունավետ աշխատի, որ փողը ծախսվի ճիշտ ուղղությամբ: Այս վերջերս գնացել էի մի հատ մի տեղ, որտեղ բերել էին մի հատ հաստոց էին դրել, որը 20 մարդու աշխատանք էր անում, ու էդ 20 մարդուն ասեցին՝ գնացեք տուն, հիմա ի՞նչ անենք, պետք է նախնադարյան մեթոդներով աշխատենք: Այսինքն՝ արտադրողականության բարձրացմանն ուղղված ցանկացած գործողություն նշանակելու է էսօրվա աշխատատեղի կրճատում, էդ էսօրվա աշխատատեղի փոխարեն ստեղծվելու են նոր աշխատատեղեր: Գեղարքունիքի՞ց եք, լիքը աշխատատեղ կա: Հենց հիմա մեր «Սևանի իշխան»-ում կա աշխատատեղ: Մարալիկում ընկերս ասում է՝ ինչքան մարդ լինի՝ կընդունեմ աշխատանքի տեքստիլում»,- ասաց Քերոբյանը:
«Հիմա որ մեր գյուղում տեքստիլ չկա, ես ո՞ւր գնամ, իմ երեխեքին ո՞վ պահի»,- ասաց վարչության Լոռու բաժնի աշխատակից Արթուր Խամվելյանը: