Լրահոս
Հասարակական
16:35
29.03.22
213

41-ամյա բնակիչը 2 անձանց հավատացրել է, թե իբր կաշառքով կարող է լուծել նրանց որդիների՝ զինծառայությունից ազատելու հարցը

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են նախազորակոչիկներին և զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով Շիրակի մարզի 41-ամյա բնակչի կողմից նույն մարզի տարբեր բնակիչներին տարբեր չափերով կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակություն կատարելու և կաշառք տալու փորձի դեպքերի հանգամանքները:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 41-ամյա բնակիչը, նույն մարզի երկու բնակիչների պարտք լինելով առանձնապես խոշոր և խոշոր չափերի գումարներ, խոստացված ժամկետներում չի կարողացել վերադարձնել պարտքը:

Այնուհետև, վերջիններիս գումարները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, նրանց մոտ պատրանք է ստեղծել, թե իբր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկներին կաշառք տալու միջոցով կարող է լուծել նրանց նախազորակոչիկ և զորակոչիկ որդիների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը:

Շիրակի մարզի բնակիչները, հավատալով 41-ամյա տղամարդու խոստումներին, ընդունել են նրա առաջարկը և համաձայնել նշված գումարները վերջինիս միջոցով որպես կաշառք տալ պաշտոնատար անձանց և բժիշկներին:

Ընդ որում, բացի պարտքով վերցրած գումարը, 41-ամյա տղամարդը Շիրակի մարզի վերոնշյալ բնակիչներից մեկից պահանջել է ավելին, ինչը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված անձը համաձայնել է վճարել մաս-մաս:

Նշված գումարները հափշտակվել են 41-ամյա տղամարդու կողմից, սակայն առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու պատրվակով ստացած գումարը խարդախությամբ հափշտակելու դեպքը բացահայտվել է իրավապահ մարմինների կողմից, և տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։

Բացի այդ, 41-ամյա տղամարդը, տեղյակ լինելով, որ Շիրակի մարզի մեկ այլ բնակչի՝ 43-ամյա տղամարդու որդին, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկ է և ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով չի զորակոչվելու, ինչպես նաև մյուս որդին նախազորակոչիկ է, նրա մոտ ևս ստեղծել է վերը նկարագրված պատրանքը:

43-ամյա տղամարդն ընդունել է նրա առաջարկները՝ պաշտոնատար անձանց և բժիշկներին խոշոր չափերով կաշառք տալու միջոցով զորակոչիկ որդուն ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ կեղծ փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև մյուս որդու՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կազմակերպելու վերաբերյալ:

Տղամարդը մաս-մաս վճարել է խոստացված գումարը, որը հափշտակվել է 41-ամյա տղամարդու կողմից։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: