Լրահոս
Միջազգային
17:30
29.12.24
738

ԶԼՄ-ները ներկայացրել են Հարավային Կորեայում ավիավթարի պատճառի վերաբերյալ շրջանառվող հիմնական վարկածները

Img default alt hy

Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս պարզ չեն, հիմնական վարկածները ներառում են թռչնի հարված, շարժիչի և վայրէջքի սարքերի անսարքություններ, արգելակման համակարգեր և արտակարգ իրավիճակներում օդանավակայանի թռիչքուղու անբավարար երկարություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Yonhap գործակալությունը։

Նշվում է, որ վթարի պատճառների մասին վարկածները շարունակում են աճել. դրանք հիմնված են դեպքի վայրից ականատեսների տեսագրությունների վրա։

Դրանցում ցուցադրվում է, թե ինչպես է ինքնաթիռը սկսում ծխալ վայրէջքի ժամանակ, իսկ աջ շարժիչից բռնկումներ ու ծուխ է ժայթքում՝ ուղեկցվելով պայթյունով։

Ենթադրվում էր, որ ինքնաթիռը բախվել է թռչուններին, ինչն առաջացրել է շարժիչի հետ կապված խնդիրներ, բայց միևնույն ժամանակ տեսագրությունները ցույց են տալիս, որ այն թռիչքուղուն մոտեցել է վայրէջքի շասին հետ քաշված, որն այդպես էլ չի տեղաշարժվել։

Ինքնաթիռը վայրէջքի երկու փորձ է կատարել: Անհասկանալի է՝ արդյոք առաջին անհաջող փորձը պայմանավորված է շասիի, թե շարժիչի անսարքությամբ: Այնուհետև ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել ֆյուզելյաժի վրա, սակայն առաջնամասը մնացել է բարձր, և այն շարունակել է շարժվել թռիչքուղով մեծ արագությամբ:

Աղբյուրը հատկապես ուշագրավ է համարում այս հանագմանքը, քանի որ սովորաբար նման դեպքերում ինքնաթիռի առաջնամասն ընկնում է թռիչքուղու վրա, սակայն տեսագրությունից երևում է, որ ինքնաթիռը չի կարողացել դանդաղեցնել արագությունը, և առաջնամասը բարձր է մնացել այնքան ժամանակ, քանի դեռ անմիջապես չի բախվել պատնեշին: 

«Տեսանյութում երևում է, որ շասին չի գործարկվել, իսկ արագությունը գործնականում չի նվազել: Նման դեպքերում, երբ շասին չի աշխատում, պետք է ակտիվացվեն արգելակման այլ համակարգեր, օրինակ՝ ինչպես հակադարձ մղումը և օդային արգելակները թևերի վրա, բայց դա նույնպես տեղի չունեցավ», - բացատրել է Ինհայի համալսարանի օդագնացության ամբիոնի պրոֆեսոր Չոյ Գի Յոնգը:

Հանսեոյի համալսարանի թռիչքների ուսուցման կենտրոնի տնօրեն Կիմ Կյու Վանը նշել է, որ եթե վայրէջքի գործիքակազմը չգործի, արգելակման համակարգերը կորցնում են իրենց արդյունավետությունը։ 

«Դանդաղեցման մեխանիզմների բացակայությունը և կորպուսի վրա վայրէջք կատարելու փորձն անխուսափելիորեն հանգեցրել են վթարի»,- ասել է փորձագետը։

Ըստ Yonhap-ի՝ Մուան օդանավակայանի թռիչքուղու երկարությունը նույնպես հարցեր է առաջացնում. 2800 մետր երկարությամբ այն ավելի կարճ է, քան Ինչոն (3700 մետր) և Գիմպո (3600 մետր) միջազգային օդանավակայանների թռիչքուղիները, ինչպես նաև մոտակա Գվանգջու օդանավակայանը (3000 մետր):

Այնուամենայնիվ, Հարավային Կորեայի հողի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը մերժել է այն առաջարկությունները, որ շերտի երկարությունը կարող էր վթարի գործոն լինել:

 Գերատեսչությունն ընդգծել է, որ նախկինում նման չափի ինքնաթիռները կանոնավոր կերպով օգտվում էին այս օդանավակայանից, և թռիչքուղու երկարությունը բավարար էր դրանց թռիչքի և վայրէջքի համար։