Լրահոս
Արցախ
12:41
27.02.22
195

Խրամորթում հանգիստ է, բայց գյուղատնտեսական բոլոր աշխատանքները կանգնեցված են. գյուղապետ

Img default alt hy

«Այսօր առավոտվանից Խրամորթում հանգիստ է, չեմ կարող ասել՝ հետո ինչ կլինի, հնարավոր է կեսօրից հետո ադրբեջանցիները բարձրախոսներով կրկին խոսեն, երեք օր անընդհատ միացնում են բարձրախոսները և պահանջում, որ գյուղը լքենք»,- այս մասին 24News-ին ասել է Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը:

 

Արդեն երեք օր է՝ ադրբեջանցիները բարձրախոսներով Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղացիներից պահանջում են գյուղը լքել, սպառնալով, որ «այլապես իրենց արարքների համար պատասխանատու չեն»:

«Ներկա դրությամբ գյուղատնտեսական բոլոր աշխատանքները կանգնեցված են: Դիմել եմ մեր վարչակազմին, իրենք էլ դիմել են կառավարություն, կառավարությունից դիմել են Հայաստանին, որ իրենք էլ դիմեն ռուսական կողմին: Մենք հստակ պահանջ ենք դրել, որ ռուս խաղաղապահներ կանգնեն, պետք է հրաման լինի, որ գան հենակետ դնեն, եթե հենակետ լիներ՝ նման խնդիրներ չի լինի: Պատասխանը կլինի երեքշաբթի կամ չորեքշաբթի»,- մանրամասնել է գյուղապետը:

Նրա խոսքով՝ առաջին անգամ չէ, որ  արբեջանցիները սպառնում են գյուղացիներին և արգելում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: 10-15 օր առաջ կրակել են տրակտորի վրա, ծակել անվադողը՝ արգելելով աշխատանքը: 

«Գյուղում խուճապ անհանգստություն չկա, ժողովուրդը սադրանքների չի գնում, սպասում ենք, որ մեր անվտանգությունը ապահովվեն: Ադրբեջանական  քարոզչական մեքենա սպառնում է, թե՝ լքեք գյուղը,  գյուղատնտեսական աշխատաններ մի արեք, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է, մենք մեր արարքների համար պատասխանատու չենք: Օրվա մեջ մի քանի անգամ կրկնում են, բայց որ ոչինչ չանենք՝ ինչպե՞ս ապրենք»,-ավելացրել է Աբրահամյանը: