Լրահոս
Հասարակական
18:38
06.01.25
790

Վիճաբանություն՝ Լոռու մարզում․ հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ դեպքի վայրից էլ 1 հոգի ձեռքի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, ով գտնվել է շոկային վիճակում։

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի, Արման Գալստյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա արնանման հետքեր, կայանված «Volkswagen» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ՝ Տերյան փողոցի հատվածում, որոնց վրա նույնպես կան արնանման հետքեր։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ  հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կռվի մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզում են վիրավորի ինքնությունը։