Լրահոս
Հասարակական
21:03
19.01.23
121

Վաղը այդպես էլ կարող է չլինել. Գեղարքունիքում զոհված տղաները

Զոհված զինվորներին ճանաչողները սոցցանցերում, կայքերում պատմում են նրանց մասին: Տարածվում է հրդեհի զոհ դարձած զինծառայողների համատեղ լուսանկարը՝ Ամանորը նշելիս: Զոհերից մեկը Տարոն Ղարիբյանն է՝ Արարատի Ուրցաձոր համայնքից։ Տան կրտսեր զավակն էր, իրենից մեծ ևս երկու եղբայր ունի։ Փետրվարին պետք է զորացրվեր։ Զոհվել է նաև Համլետ Դավթյանը՝ Մարտունուց: Տղան մասնակցել է սեպտեմբերյան մարտերին։ Ընտանիքի միակ որդին էր, իրենից մեծ երկու քույր ունի։ Միակողմանի ծնողազուրկ էր, մայրը երկու տարի առաջ է մահացել։ Տղայի մարմինն անճանաչելի է եղել, հորեղբոր տղան չի կարողացել ճանաչել մարմինը, հորեղբայրն է ճանաչել՝ խալով:

Օրվա ցիտատը զոհված զինծառայող, վանաձորցի Արամ Մանուկյանի՝ 2022 թվականի սեպտեմբերին գրած ֆեյսբուքյան ստատուսից է.

«Դե, հիմա հասկանու՞մ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։ Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարևորի մասին, էլի ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից, մենք էլի կապրենք... երևի... Պիտի սիրենք իրար, շատ սիրենք, սիրենք այսօրվա ու վաղվա փոխարեն», - մեջբերման ավարտը: