Լրահոս
Քաղաքական
14:27
10.09.24
124

Վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու անդամ Անուշ Գինոսյանի լիազորությունները

Img default alt hy

Երևանի ավագանին քննարկել և որոշում է ընդունել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

Ավագանու որոշման նախագիծը նիստում ներկայացրել է «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։

Նրա խոսքով՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերության կողմից ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ին ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Անուշ Գինոսյանը բացակայել է 2024 թվականի փետրվար-հունիս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Երևանի ավագանու նիստերի քվեարկությունների կեսից ավելիից՝ բացակայելով տեղի ունեցած 29  քվեարկություններից  16-ից:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորություները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում բացակայել է քվեարկությունների ավելի քան կեսից: 

«Հիմք ընդունելով օրենքի այս հոդվածը  առաջարկում ենք վաղաժամկետ դադարեցնել Երևան քաղաքի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները»,-ասել է Ավագյանը։

Քննարկումներին հաջորդած քվեարկության արդյունքում՝  Երևանի ավագանին 33 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Անուշ Գինոսյանին ավագանու անդամի մանդատից զրկելու որոշման նախագիծը։