Լրահոս
Քաղաքական
11:24
26.11.22
85

Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հակամարտությունը դադարեցնելու ոգով․ ՔՊ պատգամավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Img default alt hy

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ԽՎ աշխատանքների շրջանակում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Իր ելույթում պատգամավորը խոսել է հարավկովկասյան տարածաշրջանի մասին՝ ներկայացնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջան ու Թուրքիայի քայլերը։

«Հայաստանը մի երկիր է, որն արդեն երեք տասնամյակ է, ինչ ապրում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման մեջ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով ավարտվեց 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմը, հատուկ կետ ունի՝ նվիրված Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Այդ կետը հույս է ներշնչում, որ Ադրբեջանն իսկապես կշրջի հակամարտության էջը, ինչպես հաճախ պնդում է, և կսկսի համագործակցության դարաշրջան Հարավային Կովկասում: Ադրբեջանը մինչ այժմ դանդաղեցրել է բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը և պահանջում է Հայաստանի տարածքով հատուկ կապ` հատուկ միջանցք, ինչպես իրենք են այն անվանում` առանց Հայաստանի անվտանգային և մաքսային վերահսկողության:

Այդ պահանջն արդարացնելու համար Ադրբեջանը վկայակոչում է նույն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հիշատակված Լաչինի միջանցքը, այն միջանցքը, որը Հայաստանն օգտագործում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ և մարդասիրական օգնություն տեղափոխելու համար: Լաչինի միջանցքը, իրապես, ոչ թե ճանապարհ է, այլ հատուկ մարդասիրական միջանցք: Այն ունի 5 կմ լայնություն և ձգվում է մինչև Լեռնային Ղարաբաղ և ուրիշ ոչ մի տեղ: Այն փակ միջանցք է:

Լաչինի միջանցքն օգտագործվում է բացառապես Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ և մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով: Լեռնային Ղարաբաղի հայերը շրջապատված են սեփական պաշտպանական ուժերով և ռուս խաղաղապահներով: Վերջին երկուսն այնտեղ են միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում հայերն ադրբեջանական բանակի կողմից գտնվում են շրջափակման մեջ: Հետևաբար, Լաչինի միջանցքը ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ մարդասիրական միջանցք է Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար:

Հիմա վերադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը` կցանկանայի նշել, որ Հայաստանը պատրաստ է բացել իր բոլոր ճանապարհները, ընդգծում եմ` բոլոր ճանապարհները, և ապահովել դրանց օգտագործումն Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են վախենալ Հայաստանի ճանապարհներով անցնելուց և Հայաստանի սահմանային և մաքսային ծառայողների հետ շփումից:

Թեև մենք դեմ չենք սահմանային ու մաքսային ծառայության տրամադրումն արտապատվիրակելուն, մենք համարում ենք, որ ճիշտ կլինի, եթե ադրբեջանցի ծառայողները վերահսկեն Ադրբեջանի սահմանը, իսկ հայ ծառայողները` Հայաստանի սահմանը: Եվ ամենակարևորը` բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հակամարտությունը դադարեցնելու և համագործակցություն սկսելու ոգով և ոչ թե մեկուսացման ոգով»,- նշել է Կարապետյանը: