Լրահոս
Հասարակական
20:10
16.08.22
253

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը հոգեբանական ծանր վիճակում է, հրաժարվում է մեկնաբանություն տալ․ NEWS.am

Img default alt hy

«Սուրմալու» առևտրի կենտրոնում գործող՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ տնօրենը հրաժարվում է մեկնաբանություն տալ։

NEWS.am-ը այսօր փորձել է կապ հաստատել տնօրեն Իրինա Մադաթովայի հետ, որի հարազատները տեղեկացրին, որ նա հոգեբանական ծանր վիճակում է, մեկնաբանություններ չի ցանկանում տալ։

«Սուրմալու» առևտրի կենտրոնը գործում է նախկին՝ «Երևանի պահածոների գործարանի» տարածքում։ Տարածքը տնօրինում է «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ–ն։ Տարածքի սեփականատերը ԳԽ առաջին գումարման պատգամավոր, «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ Ռազմիկ Զախարյանն է։ Նա ծնվել է 1936 թվականին, որպես նրա բնակության հասցե՝ նշվում է Հյուսիսային պողոտայի շենքերից մեկը։ Ռազմիկ Զախարյանը տնտեսագետի որակավորում ունի, որը ստացել է Երևանի պետական համալսարանից, ավարտել է նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Եղել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցություն անդամ, զբաղեցրել Կամոյի մսի գործարանի տնօրենի պաշտոնը, ընտրվել Կամոյի շրջանային խորհրդի պատգամավոր։ Ռազմիկ Զախարյանն աշխատել է որպես Երևանի պահածոների գործարանի տնօրեն։

«Երևանի պահածոների գործարան» ընկերությունում նախորդ տարի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել և տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերել՝ կապված հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հետ։ Ընկերությանը խախտումները վերացնելու կարգադրագիր էր ներկայացվել։ Տեսչական մարմնից հայտնել են նաև, որ տարածքի սեփականատերը այն ժամանակ բանավոր խնդրել է հետաձգել խախտումների վերացման ժամկետը՝ հաշվի առնելով, որ առևտրի տաղավարները մեծ թիվ են կազմում և դրանք հիմնականում վարձակալությամբ են տրված։ Մեկ տարվա ընթացքում, սակայն, վերստուգում չէր իրականացվել։ Տեսչական մարմնից պատճառաբանել էին, որ աշխատում են ծանրաբեռնված և ընկերության վերստուգման հերթը աշնանն էր հասնելու։

Օգոստոսի 14-ի պայթյունից շուրջ մեկ տարի առաջ էլ՝ 2021 թվականի ապրիլին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տաղավարներ էին հրդեհվել։ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ հրդեհի գործով փորձագիտական եզրակացությունը քննչական կոմիտեն ստացել է միայն մեկ ամիս առաջ։ Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առևտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները։ Օրաթերթի տեղեկություններով՝ այդ գործով առաջիկայում առևտրի կենտրոնի տնօրենն ու անվտանգության աշխատակիցը մեղադրյալի աթոռին կնստեն առևտրի կենտրոնի սեփականատեր Զախարյանների փոխարեն՝ դառնալով քավության նոխազներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 60–ից ավելի մարդ տուժել է, 16 մարդ զոհվել, ժամը 17։00-ի դրությամբ 3 հոգի համարվում է անհետ կորած։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը առևտրի կենտրոնում գործող հրավառության նյութերի պահեստում բռնկված հրդեհն է եղել։