Լրահոս
Հասարակական
10:12
27.02.22
316

«Սու՜ր, ձագիդ բերել եմ․․․»

«Առավոտյան ամուսինս պատրաստվում էր աշխատանքի գնալ, Մարկս (որդիս է) դեռ քնած էր, երբ պայթող արկերի ձայներ լսվեցին։ Արագ նկուղ իջանք, ես հղի էի, Մարկը՝ երկուսուկես տարեկան։ Հետո, Մարկիս հետ մի քանի մեքենա փոխելով, եկանք հասանք Արտաշատ։ Իսկ Սուրենը (ամուսինս) գնաց առաջնագիծ»,- այսպիսին էր 2020-ի սեպտեմբերի 27-ի լուսաբացը Մարիայի ընտանիքում, գրում է Hraparak.am-ը։

Մարիան չէր էլ կասկածում, որ վերջին անգամ է տեսնում ամուսնուն, և որ այսուհետ իր կյանքը բաժանված է լինելու երկու մասի՝ մինչև պատերազմը և պատերազմից հետո։
Սուրենը նախ կռվել է Մատաղիսում, հետո տեղափոխվել են Մարտունի, որտեղ իրավիճակը շատ ավելի լարված է եղել։

«Զոհվելու օրը՝ առավոտյան, երբ ինքը զանգեց ինձ, ձայնից զգում էի՝ շատ անհանգիստ է, բայց, ինչպես բոլոր օրերին, այդ օրն էլ ասում էր՝ սաղ նորմալ ա, մի՛ անհանգստացի, էլի կզանգեմ,- Մարիան պատմում է, սրբում արցունքները, շարունակում։- Բայց դա մեր վերջին զրույցը եղավ․․․ ինձ հետ խոսելուց մի քանի ժամ հետո ինքը զոհվել է։ Սկզբում արկի պայթյունից թևն է կտրվել, հետո կապ է տվել, որ գան իրեն օգնության, բայց այդ ընթացքում հաջորդ արկերից ոտքերն են կտրվել։ Մինչև շտապօգնության մեքենայի հասնելը, ինքը շատ արյուն է կորցրել, ու փրկել չեն կարողացել․․․»։

Քառամյա Մարկը վառվռուն աչուկներով հետևում է Մարիային և ամեն անգամ փորձում շեղել մայրիկին տխուր մտքերից․ մե՛կ խառնվում է մեր զրույցին, մե՛կ ցույց տալիս խաղալիքները, մե՛կ չարաճճիություն անում․ ամեն ինչի պատրաստ է, միայն թե մաման չլացի․․․ բայց Մարիայի ցավը հորդում է աչքերից․․․

Սուրենի վաշտը սարերի մեջ է եղել, ոչ մի կողմից օգնություն չի եկել։ Մարիայի խոսքով, նրան տեղափոխող շտապօգնության մեքենան վերջինն է եղել, որ կարողացել է այդտեղից դուրս գալ։ Դրանից հետո գնացող բոլոր մեքենաները թշնամին պայթեցրել է։ Նրանց վաշտից ոչ ոք ողջ չի մնացել։ 

«Սուրոյի զոհվելուց հետո բոլոր զինվորները զոհվել են։ Ինձ հաճախ են գրում իր զինվորների հարազատները, որ եթե Սուրենը չզոհվեր, մեր էրեխեքն էլ ողջ կմնային։ Ինքն ասում էր՝ զինվորներս իմ էրեխեքն են»,- պատմում է Մարիան։ 

«Երբ Սուրոն արդեն անհասանելի էր, անընդհատ աղոթում էի՝ Աստվա՜ծ իմ, մենակ բան եղած չլինի։ Կամ գոնե վիրավոր լինի, թեկուզ առանց ձեռք, առանց ոտք, բայց գոնե գա՜․․․ բայց Աստված չլսեց․․․ պաղատանքս չլսեց․․․ չգիտեմ․․․։

Ինձ նախապատրաստում էին, որ հայտնեն Սուրոյի զոհվելու լուրը։ Մեկ ասում էին, թե շատ լարված է էսօր էնտեղ, հետո՝ թե վիրավոր է․․․ Բայց երբ փեսաս ու մամաս եկան մեր տուն, ես արդեն հասկացա, ինձ էլ բառեր պետք չէին․․․ Ինձ ասում էին՝ քեզ հանգիստ պահիր, էրեխու մասին մտածիր (5 ամսվա հղի է եղել այդ ժամանակ), ես անընդհատ կրկնում էի՝ ինձ պետք չի՜ էդ էրեխեն․․․ լավ է, որ Աստված չլսեց ինձ․․․»։
-Մարկ, պապան ո՞ւր ա,- հարցնում է մայրը։
-Ես հավես չունեմ,- պատասխանում է Մարկը։
-Իսկ սովորաբար ի՞նչ է պատասխանում, Մարիա՛,- հետաքրքրվում եմ։
-Ասում է՝ Հիսուս պապիկի մոտ ա՝ երկնքում։ Բայց անպայման գալու ա։
Օրը մի քանի անգամ զանգում է Սուրենին․
-Ես զանգում եմ պապայիս, ինչի՞ ա պապայիս հեռախոսն անջատված։

«Ինչ-որ բան գնելիս ասում եմ՝ պապան ա փողն ուղարկել, Մա՛րկ, որ քեզ համար լավ բաներ առնենք։ Պապան մի՜շտ մեզ հետ է, մի՜շտ․․․ պիտի էսպես չլիներ․․․
Միշտ ասում էր՝ էրեխու ծնվելուց կգամ․․․

Տղաս լուսադեմին ծնվեց։ Մոնթեիս գրկել էի, պաչիկ էի անում, լացում էի, ուրախանում, հույզերս խառնվել էին, ուրիշ զգացողություն էր։ Ինքն էնքա՜ն նման էր էդ ժամանակ իր պապային։ 

Մամաս առաջինը գնաց Եռաբլուր։ Ծաղիկներ ու շամպայն էր տարել Սուրոյին․․․ օ՜ֆ, չգիտե՜մ․․․ ես էլ էի ուզում դուրս գրվելու օրը առաջինը էնտեղ գնալ, թույլ չտվեցին, թե էրեխուն քառասունքի մեջ մի՛ տար էնտեղ։ Քառասունքի հաջորդ օրը գնացի պուճուրիս հետ՝ Սո՜ւր, ձագիդ բերե՜լ եմ․․․ օ՜ֆ․․․ չգիտե՜մ»,- Մարիայի յուրաքանչյուր «օֆ»-ի մեջ կարծես դեռ պատերազմն է ապրում, յուրաքանչյուր «չգիտեմ»-ի մեջ նրանց չապրած երջանկությունն է, նրա փոքրիկների անհայր մանկությունը։

«Ինչքան Մարկը մեծանում է, այնքան ավելի դժվարանում է։ Հարցերն ավելի են շատանում, ու երբ մտածում եմ՝ Մոնթեն էլ կմեծանա, Մոնթեն էլ հարցեր կտա, խելագարվում եմ․․․ էդ ժամանակ էլ երևի Մարկն ավելի մեծ կլինի, ինչ-որ չափով կպատմի, կբացատրի եղբորը․․․ չգիտեմ․․․ մտածելիս անգամ վախենում եմ։

Մի օր դպրոց են գնալու, տեսնեն՝ ուրիշների պապաները կան, իրենցը՝ չէ, չգիտեմ, թե էդ հարցերին ոնց եմ պատասխանելու․․․ Մոնթեն դեռ պապա չի ասում, ասում է՝ մամա՛, տատա՛, բայց նկարները ցույց ենք տալիս, պատմում։ Ամեն անգամ Եռաբլուր գնալիս պարտադիր երկուսին էլ տանում եմ, պարտադիր․․․ ամեն անգամ․․․
-Մարկ, պապային ծաղիկ տանե՞նք։

-Փուչիկ տանենք, թռցնենք՝ գնա-հասնի պապայի մոտ։

Երբեմն մտածում եմ հոգեբանի դիմել։ Հատկապես հոգեբանի հետ աշխատելու կարիք զգում եմ էն ժամանակ, երբ էրեխեքի թեթև չարաճճիության դեպքում բղավում եմ, ջղայնանում, հաջորդ րոպեին ինքս ինձ մեղադրում եմ՝ ախր էրեխեքն ի՞նչ մեղավոր են․․․ Էնպիսի ապրումներ եմ ունեցել, որ երբեմն չեմ կարողանում տիրապետել ինձ»։
Մարկը հանկարծ հիշում է ու անուշ լեզվով պատմում ինձ․

-Գիտե՞ս՝ Մոնթեն դարձավ 1 տարեկան։ Ինքը քայլում ա արդեն։ 3 հատ էլ ատամիկ ունի, բայց իմ ատամները շա՜տ-շատ են,- սիրուն ժպիտով լայն բացում է բերանիկն ու ցուցադրում պստլիկ ատամները։

«Գիտե՞ք՝ ամուսինս է ինձ ուժ տալիս, որ ես դիմանամ։ Նույնիսկ երբ ջղայնանում եմ, էդ պահին էլ մտածում եմ՝ ախր Սուրոյին սա դուր չի գա։ Ինքը Մարկին շա՜տ էր սիրում ու ոչինչ չէր խնայում։ Հիմա մտածում եմ, որ նույնը ե՛ս պիտի անեմ տղաներիս համար։ Իրենք ի՞նչ մեղավոր են․․․ իրենք մեղավո՛ր չեն։ Ջղայնանում եմ, հետո գրկում եմ, պաչում եմ․․․ իրենցով եմ ապրում, մենակ իրենց համար․․․

-Ժամանակն ամոքո՞ւմ է։

-Չէ՛, չէ՛, չէ՛, չէ՜, չի ամոքում․․․ ոնց որ երեկ լիներ, մեզ համար ժամանակը կանգ է առել․․․ Երբեմն ես էլ եմ զարմանում, որ դիմանում եմ։ Եթե էրեխեքը չլինեին, չէի դիմանա, հաստատ։ Բայց երբ գիշերը գալիս է, էլ չեմ դիմանում։ Գիշերվա լռությունը տակնուվրա է անում, հիշողություններս քանդում։ 

Մարտակերտում մի ընկերուհի ունեի, միասին մեր բալիկներին հանում էինք զբոսանքի, սպասում, մինչև մեր ամուսիններն աշխատանքից կգային։ Ինքն էլ մի տղա ուներ, պատերազմի ժամանակ ինձ պես էլի հղի էր։ Իր ամուսինն էլ Շուշիում զոհվեց․․․ Հաճախ ենք խոսում իրար հետ, փորձում ենք իրար ուժ տալ։
Ես պիտի ամեն ինչ անեմ բալիկներիս համար, որովհետև իրենց պապան իրենց համար է գնացել, որպեսզի իրենք լավ ապրեն։ 

Ուզում եմ, որ այլևս ոչ մի երեխա առանց պապա չմնա, թող մենք վերջինը լինենք։ Հավատացեք՝ դա ահավոր է, իրենց մանկությունը կիսատ է․․․»։

Վահանյան Սուրենը ծնվել է 1994թ, զոհվել՝ 2020թ․ հոկտեմբերի 28-ին՝ Ճարտարում։ Սուրենը սպա էր, 2015-ից գործուղվել էր Մարտակերտ։