Լրահոս
Քաղաքական
13:45
08.05.25
474

Շատ վատ դեպք է․ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պետք է դադարեցնի իր պաշտոնավարումը․ ԱԺ նախագահ

Img default alt hy

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է դադարեցնի իր պաշտոնավարումը։ 

Այս մասին Սիմոնյանը հայտարարել է այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպին։  

«Շատ վատ դեպք է։ «Հանրապետություն» կուսակցությունն է հասցեատերը։ Քաղաքապետն իր կարծիքն ասել է, ես հարյուր անգամ ասել եմ, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է։ Կարևոր է, որ այդ հետևանքը «Հանրապետություն» կուսակցությունը գիտակցի։ Պետք է իրենք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց, իմ կարծիքով, եթե «Հանրապետություն» կուսակցությունը հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, ինչպես 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակը կստանա»,-ասաց ԱԺ նախագահը։ 

Հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համարո՞ւմ է, որ Տիգրան Տեր-Մարգարյանը չպետք է պաշտոնավարի, բայց որոշման իրավունքը թողնում է «Հանրապետություն» կուսակցությանը, Սիմոնյանն արձագանքեց․ «Այո, ճիշտ եք հասկանում։ Կարծում եմ, որ ինքը պետք է պատասխանատվություն վերցնի»։ 

Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել միջադեպ, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարչական շրջանի ղեկավարը հարվածներ հասցնում ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։ Տեր-Մարգարյանը ներգրավված է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու հատկանիշներով։