Լրահոս
Իրավական
19:16
13.08.25
168

Սերոբ Գասպարյանի գործով խնդիրն արդեն դուրս է եկել ձևականության սահմաններից․ Փաստաբանական թիմն ահազանգում է

Img default alt hy

«Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմն ահազանգում է.

«Շուրջ մեկ տարի «Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանը պահվում է անօրինական կալանքի մեջ։ Հրամանատարը թիմին արգելել է հրապարակայնորեն խոսել իր առողջական խնդիրների մասին, սակայն լռությունը գործնականում դառնում է այս անօրինականությանը աջակցություն։

ՓԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ

  • Ս. Գասպարյանը ՔԿՀ է ընդունվել լիովին առողջ վիճակում, մինչդեռ ներկայումս ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք մեր գնահատմամբ անհամատեղելի են կալանքի հետ։
  • Փորձաքննության անաչառության խնդիր. բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի ղեկավարը գործով դատախազի հայրն է, ինչն առաջացնում է ակնհայտ շահերի բախում և խաթարում փորձաքննության օբյեկտիվության երաշխիքները, ինչով պայմանավորված նման միջնորդություն ներկայացնել չենք կարող։
  • Դատական նիստերը լավագույն դեպքում կայանում են ամսական մեկ անգամ։ Վերջին ամիսներին բազմիցս չեն կայացել նիստեր՝ Ս. Գասպարյանին դատարան չներկայացնելու պատճառաբանությամբ, իսկ երբեմն նույն պատճառաբանությամբ նիստ նշանակելն անհնար է դառնում և ինքնանպատակ։
  • Այս ամենի արդյունքում պետությանը ծառայած հրամանատարին թողնում են դանդաղ մահվան դեմ միայնակ պայքարի մեջ, ինչը իրավական պետությունում անթույլատրելի շքեղություն է։

ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

  • Կալանքի պայմաններում պատշաճ և հասանելի բժշկական օգնության ապահովման բացակայությունը հադիսանում է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք՝ հակասելով ՄԻԵԿ 3-րդ հոդվածին։
  • Ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5) և արդար դատաքննության (ՄԻԵԿ 6) իրավունքները խախտվում են, երբ պետության անգործությունը («ուղեկցում չկա») արհեստականորեն ձգձգում է դատավարությունը և խոչընդոտում է մասնակցությունը նիստերին։
  • Անաչառության երաշխիքներ. փորձաքննության մարմնի ղեկավարի և գործով դատախազի սերտ ազգակցական կապը հակասում է անաչառության օբյեկտիվ չափանիշներին։
  • Կիրառված խափանման միջոցը պարտավոր է լինել համաչափ և նվազ միջամտող. առկա առողջական ծանր ռիսկերը պահանջում են այլընտրանքային միջոց։

ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

  1. Կազմակերպել անկախ, բազմապրոֆիլ բժշկական զննում քաղաքացիական մասնագիտացված կենտրոնում՝ լիարժեք ախտորոշմամբ և բուժական հստակ պլանով։
  2. Ապահովել անաչառություն․ շահերի բախմամբ պայմանավորված՝ ձեռնարկել փորձաքննության մարմնի ղեկավարի չեզոքացման կամ դատախազի փոխարինման քայլեր։
  3. Վերանայել կալանավորումը և կիրառել ազատությունից չզրկող ու համաչափ խափանման միջոց՝ հաշվի առնելով առողջական վիճակն ու վաստակը։
  4. Ապահովել նիստերի կանոնավոր անցկացում՝ կազմակերպելով ուղեկցումն առանց ուշացումների և բացառելով «լոգիստիկ» պատրվակներով ձգձգումները։
  5. Սահմանել և հրապարակել սեղմ դատավարական օրացույց, ապահովել դատական վերահսկողության իրական արդյունավետություն։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ

Կոչ ենք անում՝

  • Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ),
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը,
  • Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը,
  • ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային գործընկերներին,

իրենց իրավասության շրջանակներում անմիջապես իրականացնել մոնիթորինգ, կազմակերպել քրեակատարողական հիմնարկ այց և դատավարության դիտարկում, ինչպես նաև հետաքննել Ս. Գասպարյանի կալանքի իրավաչափությունն ու բժշկական ապահովման բավարարությունը՝ համադրելով դրանք ազգային և միջազգային պարտավորությունների հետ։

ՎԵՐՋԱԲԱՆ

Սերոբ Գասպարյանի գործով խնդիրն արդեն դուրս է եկել ձևականության սահմաններից․ խոսքը կյանքի և արժանապատվության մասին է։ Յուրաքանչյուր հաջորդ օր առանց կոնկրետ քայլերի մեծացնում է պետության պատասխանատվությունը և խորացնում արդեն իսկ տեղի ունեցած խախտումները։