Լրահոս
Սպորտ
15:40
17.08.22
108

Ռոնալդուին կարիերան շարունակելու երկու տարբերակ է մնացել

Img default alt hy

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կարիերան շարունակելու երկու տարբերակ է մնացել՝ Լիսաբոնի «Սպորտինգում» կամ Դորտմունդի «Բորուսիայում»: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է AS-ը։

Մեկ շաբաթ առաջ «Մանչեսթեր Յունայթեդում» նույնիսկ չէին ցանկանում դիտարկել 37-ամյա պորտուգալացուն վաճառելու տարբերակը։ Սակայն Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Բրենթֆորդից» կրած ջախջախիչ պարտությունը (0:4) և Ռոնալդուի արհամարհական պահվածքը հետագայում ստիպեցին ակումբի ղեկավարներին վերանայել իրենց որոշումը:

Իր հերթին Ռոնալդուն ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։ Գործակալ Ժորժե Մենդեշն ակտիվորեն աշխատում է տարբերակների վրա, սակայն այսօր իրական տարբերակներ են մնում միայն գերմանական և պորտուգալական ակումբները։

«Բորուսիան» շարունակում է Սեբաստիան Ալերին արժանի փոխարինողի փնտրել: Դորտմունդցիները պայմանագիր են կնքել 34-ամյա Էնթոնի Մոդեստի հետ, սակայն պարզ է, որ Ռոնալդուն կկարողանա ավելի շատ արդյունավետություն հաղորդել այս թիմին։ Կողմերի միջև արդեն բանակցություններ են ընթանում։

Ռոնալդուի մյուս տարբերակը «Սպորտինգ» վերադառնալն է, որի սանն է նա հանդիսանում: Նախորդ մրցաշրջանում ակումբը դարձավ Պորտուգալիայի փոխչեմպիոն, որից հետո ակտիվ խոսակցություններ սկսվեցին Կրիշտիանուի վերադարձի մասին։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ տեն Հագի գլխավորությամբ Պրեմիեր լիգայում մեկնարկեց երկու պարտությամբ. «Բրենտֆորդից» առաջ թիմը պարտվել էր «Բրայթոնին» (1:2): Ռոնալդուն երկու հանդիպումներին էլ մասնակցել է, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։