Լրահոս
Առողջապահական
18:48
28.01.23
180

Քրոնիկ հազ․ ռիսկերն ու առաջացման պատճառները

Img default alt hy

Քրոնիկ է կոչվում այն հազը, որը շարունակվում է չահասների մոտ 8 շաբաթ կամ ավելի երկար, իսկ երեխաների մոտ՝ 4 շաբաթ:​

Քրոնիկ հազը կարող է ընդհատել քունը և առաջացնել ուժասպառության զգացում: Քրոնիկ հազի ծանր դեպքերը կարող են առաջացնել փսխում, գլխապտույտ և նույնիսկ կողերի կոտրվածքներ, գրել է Aysor.am-ը։

Իրականում դա առանձին հիվանդություն չէ, այլ առողջական խնդիր, որը զարգանում է այլ հիվանդությունների կամ վիճակների պատճառով:

Թեև երբեմն քրոնիկ հազին նպաստող խնդրի հայտնաբերումը դժվար է, բայց ամենատարածված պատճառներից են համարվում ծխախոտի օգտագործումը, հետքթային հոսքը, ասթման և ռեֆլյուքսը: Քրոնիկ հազը սովորաբար անհետանում է հիմքում ընկած խնդիրը բուժելուց հետո:

Հաճախ հազը քրոնիկ հազի միակ ախտանիշն է:

Քրոնիկ հազը կարող է ուղեկցվել այլ գանգատներով և ախտանիշներով, այդ թվում՝

քթահոսություն կամ քթի փակվածություն,

ըմպանի հետին պատով հոսացող հեղուկի զգացողություն,

կոկորդի հաճախակի մաքրում և ըմպանացավ,

ձայնի խռպոտում,

շնչառական խզզոցներ և հևոց,

այրոց կամ բերանում թթու համ,

հազվադեպ՝ արյան հետքերով հազ։

Խորհուրդ է տրվում այցելել բժշկի, եթե ունեք հազ, որը շարունակվում է շաբաթներ շարունակ, հատկապես, եթե ուղեկցվում է խորխով կամ արյունով, խաթարում է քունը կամ ազդում ուսման կամ աշխատանքի վրա:

Հազվադեպ առաջացող հազը նորմալ է. այն օգնում է թոքերը գրգռիչներից և արտադրուկներից մաքրելուն և կանխարգելում է վարակը:

Քրոնիկ հազի դրսևորումներից ամենաշատը կարող է անհանգստացնել հետքթային հոսք համախտանիշը, երբ քիթը կամ հարքթային ծոցերն արտադրում են ավելցուկային լորձ, այն կարող է ըմպանի ետին պատով հոսել ներքև՝ գրգռելով ըմպանի պատը և խթանելով հազի ռեֆլեքսը: Այս վիճակը երբեմն կոչվում է վերին շնչուղիների հազի համախտանիշ:

Ասթմա. ասթմայի հետ կապված հազը կարող է ի հայտ գալ և անհետանալ տարվա որոշակի սեզոններին, սկսվել վերին շնչուղիների վարակից հետո կամ վատթարանալ սառը օդի, որոշ քիմիական նյութերի կամ մասնիկների ազդեցությունից: Ասթմայի մի տեսակի ժամանակ հազը գլխավոր ախտանիշն է:

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն. այս տարածված հիվանդության ժամանակ ստամոքսաթթուն հոսում է ետ՝ դեպի ստամոքսն ու ըմպանը միմյանց կապող խողովակ (կերակրափող): Դրա մշտական գրգռումը կարող է բերել քրոնիկ հազի: Հազն, իր հերթին, վատթարացնում է ԳԷՌՀ–ը՝ առաջացնելով արատավոր օղակ:

Վարակներ. հազը կարող է երկար ժամանակ մնալ թոքաբորբի, գրիպի, մրսածության կամ վերին շնչուղիների այլ վարակների մյուս ախտանիշների անհետացումից հետո: Չափահասների շրջանում տարածված, սակայն թերագնահատվող պատճառներից է նաև կապույտ հազը: Քրոնիկ հազը նաև կարող է լինել թոքերի սնկիկային վարակների, տուբերկուլոզային վարակի կամ ոչ տուբերկուլոզային միկոբակտերիալ միկրոօրգանիզմներով թոքերի վարակի պատճառով:

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. ԹՔՕՀ-ը քրոնիկ բորբոքային թոքային հիվանդություն է, որն առաջացնում է թոքային օդուղիների նեղացում և ներառում է քրոնիկ բրոնխիտը և էմֆիզեման: Քրոնիկ բրոնխիտը կարող է առաջացնել հազ, որն ուղեկցվում է գունավորված խորխով: Էմֆիզեման առաջացնում է հևոց և վնասում թոքերի օդաբշտիկները:

Քրոնիկ հազի ավելի քիչ հանդիպող պատճառներից են՝

ասպիրացիա,

բրոնխոէկտազ (թոքերի օդուղիների վնասում և լայնացում),

բրոնխիոլիտ (թոքերի խիստ մանր օդուղիների բորբոքում),

կիստոզ ֆիբրոզ,

թոքի քաղցկեղ։