Լրահոս
Իրավական
23:15
27.10.25
237

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Img default alt hy

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Որոշումը կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, գրել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Միքայել Արզումանյանը կալանավորված էր արդեն 3 տարի։

44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար։

Նախկին բարձրաստիճան զինվորականը, ըստ Քննչական կոմիտեի, պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում, անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետեւանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր եւ վիրավորներ։

Ըստ հաղորդագրության՝ Արզումանյանը չի հանձնարարել զորք տեղակայել Շուշիի պաշտպանական բնագծի չպահվող հատվածում այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժը, այդ թվում՝ 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։

Իրավապահների պնդմամբ, մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 6-ը Արզումանյանի ստորագրությամբ օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացվել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին արդեն հաջողվել էր ներթափանցել Շուշի։