Լրահոս
Հասարակական
19:15
08.05.25
157

Ոչ բոլոր սնկերն են ուտելի. առողջապահության նախարարության զգուշացումը

Img default alt hy

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով: Արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն): 

Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

- Սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ:

- Չհավաքել սունկ ճանապարհների եզրերից:

- Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել:

- Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները, ըստ որոնց` թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը:

- Չուտել հում սունկ:

- Երեխաների սննդում սունկ չներառել:

- Խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ:

- Սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր:

- Թարմ սունկը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում:

- Չզբաղվել ինքնաբուժմամբ:

Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Առաջին նշանները կարող են ի հայտ գալ ուտելուց հետո 15 րոպեից մինչև 72 ժամի ընթացքում:

Կլինիկական հիմնական ախտանշաններն են`

- որովայնի կտրուկ ցավը,

- սրտխառնոցը, անընդհատ փսխումները,

- գլխապտույտը, գլխացավը, գիտակցության կորուստը,

- առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, անհագ ծարավի զգացումը,

- դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը,

- հալյուցինացիաները` առանց քնկոտության, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի: