Լրահոս
Իրավական
22:00
27.12.24
544

Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել

Img default alt hy

ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել․

«Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Նիդեռլանդների Թագավորությունից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: «Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված  առաքանիում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 428 գրամ քաշով հաբ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևան քաղաքի՝ Դավիթ Անհաղթ փողոցի բակերից մեկում թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի, ազգությամբ հայ Ս․Գ․-ն: Վերջինս, օգտագործելով այլ անձի տվյալներ, ՀՀ տարածք էր ներմուծել և ստացել տվյալ առաքանին։

Քաղաքացին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում  ձերբակալվել է:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, և համապատասխան որոշման համաձայն ձերբակալված անձի բնակության վայրում կատարվել է խուզարկություն»։