Լրահոս

2022-02-19
  • Img default alt hy
    Միջազգային
    Երկրորդ արկն է պայթել Ռոստովի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանին
    Եվս մեկ արկ է պայթել Ռոստովի մարզի Տարասովսկի շրջանում, որը սահմանակից է Ուկրաինային։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ «Տարասովսկի շրջանի Միտյակինսկայա ավանի տարածքում հայտնաբերվել է արկի պայթյունի ևս մեկ տեղ»,- ասել է աղբյուրը։ Ենթադրվում է, որ պայթել է 120 մմ տրամաչափի հրկիզող զինամթերք «Գրադ» համակարգից։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/19/32420
    17:26
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
    Փետրվարի 19-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի և այլ ոլորտներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման և ստորագրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով փորձագետների՝ 6-րդ հանդիպման կազմակերպման նպատակով միասնական ջանքերի ներդրումը։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։
    17:19
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրճարանից հեռախոսով գոռալով կալանքի հարցեր լուծող դատարանի նախագահի որդուն Գագիկ Ջհանգիրյանը վերջը դարձրեց դատավոր
    Երբ 2021թ. ամռանը հայտնի դարձավ, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննություն է տեղի ունենալու, 168.am-ը գրեց, թե դատական համակարգի ո՛ր «հայտնիների» որդիները կդառնան դատավոր, այն էլ ինչպիսի դատավոր՝ «կալանք տվող»: Նշել էինք անուններ, որոնցից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արմաղանյանի որդին էր՝ Դավիթ Արմաղանյանը, ով լինելով փաստաբան և «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու, ցույց էր անում՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման, թմբուկ էր խփում ու Նիկոլ Փաշինյանին երթերից մեկի ժամանակ ուղեկցելիս՝ գոռում «դըմփ-դըմփ-հու»:
    17:16
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «RT Arabic» լրատվամիջոցի լրագրողները կրակոցների տակ են հայտնվել
    Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զայցևո գյուղի Գորլովկա գյուղի ծայրամասում կրակի տակ է հայտնվել «RT Arabic»-ի նկարահանող խումբը։ RT Arabic-ի գլխավոր խմբագիր Մայա Մաննան հայտնել է, որ լրագրողները ողջ և առողջ են։ «Տղաները կրակի տակ են ընկել, բայց փառք Աստծո, բոլորը ողջ ու առողջ են, հիմա այնտեղից դուրս են գալիս, ուղիղ եթեր ենք տալու»,- նշել է Մաննան։
    17:10
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի հետ պետք է խոսել բացառապես զենքի լեզվով. Վահե Գրիգորյան
    Փաստաբան Վահե Գրիգորյանի գրառումը․ «2004թ-ին այս օրը դաժանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին մասնակցող լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը. մյուս սպան` Հայկ Մուկուչյանը, բախտի բերմամբ էր փրկվել` լիտվացի և մասամբ էլ ուզբեկ սպաների շնորհիվ: Մարդասպանն ադրբեջանցի ռամիլ սաֆարովն էր, ով «միջազգային երաշխիքների» ներքո պետք է կրեր իր ցմահ ազատազրկումը, սակայն «եվրոպական ժողովրդավարության և միջազգային երաշխիքների միջոցով» 2012թ-ին սաֆարովը հանձնվեց ադրբեջանին, նույն օրը տեղում արդարացվեց և ստացավ ավելի բարձր` մայորի կոչում, բնակարան և ֆինանսապես վարձատրություն: Եվրոպական երկրները ոչինչ չարեցին սաֆարովին պատժի արժանացնելու համար, ադրբեջանի դեմ գոնե «բարոյական հաղթանակի» համար մի սանկցիա չկիրառվեց: Այս սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թշնամի ադրբեջանի հետ պետք է խոսել բացառապես զենքի լեզվով, իսկ սաֆարովի պատժի կրման և ադրբեջանին փոխանցման հանգամանքները ի ցույց դրեցին «խաղաղության միջազգային երաշխիքների» սին ու դատարկ լինելը: Խաղաղություն պարտադրում են... կա՛մ Դու, կա՛մ Քեզ»:
    17:05
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թբիլիսիում միջոցառում են կազմակերպել՝ նվիրված Թումանյանի ծննդյան 153-ամյակին
    Փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվեց տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին։ Միջոցառման շրջանակներում վիրահայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարին։ Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան վիրահայ դպրոցականներն ու Վիրահայոց թեմի նախակրթարանի սաները։ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ պանթեոնում անցկացվեց նաև միմյանց գիրք նվիրելու ավանդական միջոցառումը։
    16:50
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահե Հակոբյանը հանդիպումներ է անցկացրել Պորտուգալիայում
    Ոչ պաշտոնական այցով Պորտուգալիայում գտնվող «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հանդիպել են Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի և Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի հետ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Բարձրաձայնվեցին տարբեր օրակարգային հարցեր և խնդիրներ, քննարկվեցին լուծումների և հնարավոր համագործակցությունների եղանակներ, հայտնում են կուսակցությունից։
    16:42
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ
    Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առկա է համապատասխան ներուժ՝ զարգացնելու համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարար շրջանակների միջև շփումների հաստատման կարևորությունը։
    16:30
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց ձորի միակ բուհը
    Իբր մարզերում կրթության վիճակն էնքան լավ էր, հիմա էլ որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց ձորի միակ բուհը։ Բուհի նախկին, ներկա և ապագա ուսանողները դիմել են ՀՊՏՀ ռեկտորին` մասնաճյուղում 2022-2023թթ․ ընդունելության դադարեցման փաստի առթիվ։ Ինչպես ցանկացած այլ որոշում, սա ևս փաստորեն չի անցել պատշաճ հանրային քննարկում և չի բերվել ոչ մի հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է մարզի միակ բուհը փակվի, ինչը նպաստելու է Վայոց ձորի երիտասարդ բնակչության միգրացիային դեպի Երեւան։ Փոխանակ հակառակ ռեֆորմներն անեն, Երեւանը բեռնաթափեն, բուհերի մի մասը տեղափոխեն մարզեր` համաչափ զարգացման խոստացված ռեֆորմների շրջանակներում, մարզի միակ բուհը փակում են, որ Երեւանն էլ ավելի գերբնակեցվի։ «Երևանում կրթություն ստացածների շատ փոքր մասն է վերադառնում մարզ, մինչդեռ մեր շրջանավարտների հիմնական մասը աշխատանք է գտնում հենց հայրենի մարզում՝ կանխելով մարդկային թանկ ռեսուրսի արտահոսքը»։ Այսպես են մտածում մարզի երիտասարդները, իսկ վերեւներում նստածներն այսքանի կեսն անգամ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ։
    16:15
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնեցկում դիվերսիաների հետևանքով կան վիրավորներ և զոհեր
    Դոնեցկում դիվերսիաների հետևանքով կան վիրավորներ և զոհեր: Այս մասին հայտարարել է Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
    16:06
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրբազան հոր առաջադրումը բացարձակապես չի հակասում Սահմանադրությանը. Գևորգ Դանիելյան
    «Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը պատասխանել է NEWS.am լրատվական-գործակալության հարցերին՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոգևոր դասից Հանրապետության նախագահ առաջադրելու տեսակետի հետ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը՝ Իրատեսական համարո՞ւմ եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գաղափարը՝ Մայր Աթոռի Սրբազան հայրերից մեկին առաջադրել որպես Հանրապետության նախագահի թեկնածու։ Նախ, կխնդրեի իմ դատողությունները դիտարկել ոչ թե որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամի, այլ իրավագետի դիրքորոշում, քանզի այս իրավիճակում առնվազն հարիր չէ անդրադառնալ մի հարցադրման, որի շուրջ անգամ քննարկումներ չեն ընթացել: Գաղափարը լավ օրից չի ծնվել։ Երկիրը հայտնվել է համատարած ճգնաժամի մեջ, որպիսի պարագայում ստանդարտ լուծումները, մեղմ ասած, պիտանի չեն, ուստի կարծում եմ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խնդրին անդրադարձել է հենց այս ասպեկտով: Իրատեսակա՞ն է, արդյոք, որպեսզի Հանրապետության նախագահի թեկնածուն լիներ Գերաշնորհ Սրբազան Հայրերից: Այս հարցին պատասխանելիս, կկամենայի ընդգծել, որ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա կլիներ ստեղծված վիճակին խիստ համահունչ, խորիմաստ, ազգանպաստ լուծում, սակայն, ցավոք, այն իրատեսական չէ, արդեն իսկ ընթացող զարգացումներն են դրա մասին վկայում: Իշխող քաղաքական ուժը իր էությամբ ի զորու չէ այդպիսի նախաձեռնության, իսկ սպասարկող քարոզիչները աճապարեցին հակադարձել՝ անհարկի ու անհիմն հեռու գնացող դիտարկումներով: Եվ արատավոր «ավանդույթին» հարազատ, մեծ մասը մի պահ մոռացավ վերջերս կյանքի կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին, թեպետ՝ ամիսներ շարունակ իրենք էին «պայքարում» հայհոյախոսության դեմ: Հավանաբար, վստահ են, որ այդ հոդվածը իրենց չի վերաբերում, դրա վեկտորը բոլորովին այլ է: Ցավալի է, երբ հայ մարդուն ավելի շատ մտահոգում և ծայրաստիճան հունից հանում է ոչ այնքան Երկրի ծանր վիճակը, ռազմագերիների թնջուկը, հետպատերազմյան շրջանում թշնամու կողմից շարունակվող ագրեսիան, մեր Երկրի ղեկավարության ու ազգի նկատմամբ ցինիզմի հասնող Ալիևի հանցավոր պահվածքը, որքան քաղաքական գործչի կողմից պարզապես իրավիճակին համահունչ կարծիք հայտնելը: Ընդ որում, այսպես կոչված, կրոնապետության վերաբերյալ միահամուռ տեսակետերը հիմնազուրկ են, հեռու տարրական սահմանադրականության ընկալումներից: Համաձայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հոդված 17–ի՝ եկեղեցին անջատված է պետությունից, և արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը։ Նման պարագայում Սրբազան հոր առաջադրումը չի հակասո՞ւմ այս հոդվածին։ Բացարձակապես չի հակասում, իսկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և պետության հարաբերությունների մասին դատողություններ անելիս, հարկ է ելակետ ընդունել Սահմանադրության առնվազն երկու հոդված՝ 17-ը և 18-ը: Առաջինում ամրագրված է ոչ թե «Եկեղեցու», ինչպես դուք արտահայտվեցիք, այլ «կրոնական կազմակերպությունների» անջատ լինելը պետությունից: Երկրորդում արդեն ամրագրված է, որ կոնկրետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, որպես Ազգային եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորվում են օրենքով: Այս նրբությունները չի կարելի հետևողականորեն չնկատել և պատեհ-անպատեհ շարունակ կրկնել, որ Հայ եկեղեցին պետք է գործի պետությունից անջատ՝ այնպես, ինչպես մյուս կրոնական կազմակերպությունները: Ինչպե՞ս են իրենք պատկերացնում գործնականում անջատ գործելը, երբ Սահմանադրության նույն 18-րդ հոդվածով միանշանակ սահմանված է, որ ազգային եկեղեցին բացառիկ առաքելություն ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Կա՞ մարդ, որ կպատկերացնի, թե հիշյալ արժեքների պահպանությունը Հայ Եկեղեցին կարող է մեկուսի իրականացնել: Ի դեպ, հենց Ձեր կողմից հիշատակված, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքները հանգամանորեն կարգավորում են պետության հետ համատեղ գործելու մի շարք հարաբերություններ: Այլ կերպ ասած, Սահմանադրության ուժով Հայ եկեղեցին հատուկ կարգավիճակով կրոնական կազմակերպություն է: Տեղյակ եմ, որ որոշ գործիչների մոտ մեծ ձգտում կա վերանայելու այս նորմերը, բայց վստահ եմ, որ չեն հաջողելու: Հընթացս արժե ընդունեն ի գիտություն, որ անգամ ԵՄ անդամ մի շարք երկրներում (Իսպանիա, Հունաստան և այլն) Եկեղեցուն վերապահել են ոչ միայն ազգային, այլև պետական կարգավիճակ: Աթեիստները, անգամ աղանդավորները պարտավոր են ղեկավարվել բացառապես համապետական, ոչ թե նեղ շահերով: Ի դեպ, Հանրապետության նախագահ ընտրված անձը այլևս դադարում է ներկայացնել իր նախկին քաղաքական, հասարակական կամ ցանկացած այլ ազդեցությունները և Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, պարտավոր է գործել բացառապես համապետական ու համազգային շահերով: Այ որքանո՞վ դա իրատեսական կլինի նախկին քաղաքական գործչի պարագայում, ցավոք, քննադատողները համառորեն լռում են: Տարօրինակն այն է, որ անգամ իրավաբանի որակում ունեցող որոշ քաղաքական գործիչներ իրենց թույլ են տալիս հրապարակավ հայտարարելու, թե իբր հոգևոր սպասավորները և եկեղեցական մարմինները զրկված են անգամ քաղաքական բնույթի հայտարարություններ անելու իրավունքից: Մեզանում, ցավոք, նվազագույն պատկերացում չունեն անգամ, թե ինչ ասել է «քաղաքականությամբ զբաղվել», ինչին նպաստել է նաև այդ եզրույթի օրենսդրական բնորոշման իսպառ բացակայությունը: Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ դիմենք Մայր Աթոռին, որ նրա հետ քննարկենք Սրբազան հոր հարցը․ սա չի՞ դիտվի որպես միջամտություն եկեղեցու կողմից։ Կդիտվեր միջամտություն, եթե որևէ եկեղեցական կառույց պաշտոնապես քննարկեր և որոշում կայացներ թեկնածություն առաջադրելու վերաբերյալ, ինչը գործնականում բնավ չէր կարող նկատի ունենալ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վերջինս համարժեք տիրապետում է պետաիրավական ինստիտուտների իրավասության բնույթին ու իրացման ընթացակարգերին: Ավելին՝ որևէ եկեղեցական կառույց երբևէ հանդես չի գա նման նախաձեռնությամբ, քանզի չունի այդպիսի իրավասություն: Ելույթի վերլուծությունից հստակ բխում է, որ խոսքը խորհրդատվական բնույթի քննարկումների մասին է: Վերջապես, եթե տեսականորեն ընդունենք, որ քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում այդպիսի գաղափարը կարող է իրատեսական լինել, ապա հարկ է ելակետ ընդունել, որ դա իր էությամբ ոչ միայն կլինի լիարժեք ապաքաղաքական ինստիտուտ, քանզի խոսքը ինչպես իր լիազորությունների ընթացքում, այնպես էլ երբևէ որևէ կուսակցության անդամ չհանդիսացող, այլև հենց իր ողջ էությամբ հիրավի համապետական և համազգային շահերով ղեկավարվելու ունակ անձի մասին է: Ի դեպ, կառաջարկեի մի փոքր ուսումնասիրել նաև պատմական համանման անցքերը՝ առավել վստահ լինելու համար, որ այն երբևէ ձախողումների, առավել ևս կրոնապետության չի հանգեցրել, այլ դարձել է պետականության աննախադեպ ամրապնդման լրջագույն երաշխիք (ի դեպ, բարձրագույն հոգևորականությունը հսկայական դերակատարում է ունեցել Իսպանիայում Ֆրանկոյի բռնատիրական ռեժիմի տապալման գործում), ընդ որում, բնավ նկատի չունեմ կրոնապետություններին:
    15:51
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնեցկում դադարեցվել է ուսումնական գործընթացը
    Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության կրթության ու գիտության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսումնական գործընթացը բոլոր կրթական հաստատություններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կապված հանրապետության ողջ տարածքում իրադրության կտրուկ սրման, կրթական ու գիտական հաստատությունների սովորողների, աշխատակիցների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի հետ, բոլոր կրթական ու գիտական հաստատություններում 2022 թվականի փետրվարի 19-ից դադարեցվում է ուսումնական գործընթացը մինչև համապատասխան կարգադրության հրապարակումը»,- ասվում է հայտարարության մեջ:
    15:45
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը ժամանակավորապես փակել է դեպի ԼԺՀ և ԴԺՀ ելքը
    ԱԴԾ սահմանային վարչությունը հաղորդել է ուկրաինական Դոնբասի հետ սահմանին գտնվող Ռոստովի մարզի բոլոր անցակետերի աշխատանքը միայն մուտքի ռեժիմի տեղափոխելու մասին։ Նշվում է, որ վերահկիչ անցակետերում թույլ են տալիս ՌԴ տարածք մուտք գործել ինքնահռչակ ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից տարհանվածներին, սակայն Ռուսաստանից այդ շրջաններ մեկնելը ժամանակավորապես արգելվում է։ Ավելի վաղ Ռոստովի մարզի իշխանությունները արտակարգ դրություն էին հայտարարել՝ կապված մեծ թվով փախստականների տարածաշրջան ժամանելու հետ։ Փետրվարի 19-ի առավոտյան ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։ 18-55 տարեկան տղամարդիկ պետք է ներկայանան զորակոչային տեղամասեր։ ԼԺՀ-ից հաստատել են, որ այս տարիքային խմբի քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է լքել հանրապետությունը։
    15:43
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երկու ավտոբուսների վարորդները տուգանվել են 25.000-ական դրամի չափով
    ArmLur.am-ը տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է քաղաքային տրանսպորտը Մաշտոցի պողոտայում երթեւեկում հանդիպակաց գոտիով: Մեր տեսանյութի հետքսերով ՀՀ ոստիկանությունը ուսումնասիրություն էր իրականցրել՝ պարզելու դեպքի մանրամասները: ArmLur.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին. «Զեկուցում եմ, որ ձեր տարածած տեսանյութում երևացող՝ հանդիպակաց գոտիով երթևեկող, երկու ավտոբուսների վարորդները ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողների կողմից հայտնաբերվել են, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ և որոշում է կայացվել վերջիններիս ենթարկել վարչական պատասխանատվության 25000-ական դրամի չափով»:
    15:15
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչու՞ է Հադրութի քաղաքապետը բնակվում Երևանում
    «Հրապարակ օրաթերթ»-ին պատմել են, որ Հադրութի արդեն նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը տեւական ժամանակ է բնակվում է Երեւանում: «Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակչությունը բառի ամենաուղիղ իմաստով հայտնվել է բախտի քմահաճույքին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Հադրութից Երեւան ժամանած բնակիչները միանվագ 300.000 դրամից զատ պետության կողմից ոչինչ չեն ստացել: Իսկ ահա վերջին օգնությունը, որ եղել է նրանց, «Կարմիր խաչի» կողմից ընդամենը 15.000 դրամից է տեսքով է եղել, այն էլ միայն անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին: Մենք փորձեցինք կապ հաստատել Վահան Սավադյանի հետ՝ որոշ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին: Հիշեցնենք, որ երեկ էլ արցախցիներն իրականացնում էին բողոքի ակցիա, սակայն, ինչպես տեսնում ենք «սայլը տեղից չի շարժվում»:
    15:00
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ապագա նախագահ Խաչատրյանը պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից «ԱՍԱԼԱ»-ի և տարածաշրջանում այլ «արյունահեղությունների» համար
    Երևանի նախկին քաղաքապետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար և իշխող կուսակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը դեռևս 2011 թ. հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից տարածաշրջանում արյունալի բախումների, հատկապես «ԱՍԱԼԱ»-ի համար»։ Թուրքիայի Չուքուրովայի համալսարանի (Ադանա նահանգ) Տնտեսագիտական ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների բաժնի և Թուրքիայի Տնտեսագիտական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (Türkiye Ekonomik ve Sosyal Etütler Vakfı (TESEV)) արտաքին քաղաքականության ծրագրի կողմից կազմակերպված «Ադանայում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների քննարկում» թեմայով ժողովում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ջատագով Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ և Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հանդես էր եկել անգամ թուրքերի համար անսպասելի և հակասական հայտարություններով։ «Հայաստանում ոչ ոք չի ցանկանում հետ նայել, այստեղ նպատակը ազատ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» ստեղծելն է։ Սակայն, ցավոք, այս թեմայով ցօրս ոչ մի դրական արդյունք չի գրանցվել», - ասել էր Խաչատրյանը՝ նշելով, որ դրանում մեծ է տարածաշրջանային ուժերի մասնաբաժինը։ Խաչատրյանը նաև հավանության էր արժանացրել այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «0 խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը։ Ըստ Հայաստանի ապագա նախագահի՝ անկախ ամեն ինչից և տարածաշրջանային ուժերից, Թուրքիան և Հայաստանը իրենց միջև եղած խնդիրները պետք է կարողանան համատեղ լուծել։ Խաչատրյանը նշել էր, որ Հայաստանում տնտեսական և սոցիալական խնդիրները բավական շատ են, այդ իսկ պատճառով երկրի քաղաքացիները չեն կարողանում շատ մտածել անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին, իսկ արտասահմանում (Ֆրանսիա և ԱՄՆ) բնակվող հայերը տնտեսական և սոցիալական խնդիրներ քիչ ունեն և ավելի շատ են հետաքրքրվում ցեղասպանության հարցերով։ Խաչատրյանն ասել էր, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության համար մեկ ներողությունը շատ կարևոր է՝ հավելելով. «Այսպիսի մոտեցումը մինչև վերջ կարող է բացել բոլոր դռները։ Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել տարածաշրջանում արյունահեղ հակամարտությունների, հատկապես «ԱՍԱԼԱ»-ի համար։ Որպես Հայաստան, մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից, բայց այդ ուղղությամբ Թուրքիայում ոչ մի տեղաշարժ չկա։ Հերիք է այսքան վիճաբանություններին, երկու երկների միջև վեճերին պետք է վերջ տրվի», - հայտարարել էր Վահագն Խաչատրյանը։
    14:53
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նաիրա VS Գևորգ. Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել
    ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու Գրորգ Պետրոսյանը սեղանի թենիս են խաղում։ Նախկին պատգամավորը տեսանյութ վերնագրել է․ «Նաիրա VS Գևորգ․ ընկերություն-հաղթանակ»։
    14:46
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    34-ամյա տղամարդը դանակահարել էր ինքն իրեն
    Փետրվարի 17-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու։ Ադոնցի փողոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը զննությամբ հայտնաբերել էր արյան հետքերով դանակ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին պարզվել է, որ 34-ամյա տղամարդն ինքն է խոհանոցային դանակով հարվածել իր որովայնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:
    14:45
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Չարենցավանի մետալուրգիական գործարանի 1-ին հարկում գտնվող կաթսայատանը
    Փետրվարի 19-ին, ժամը 10:28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին խճուղու թիվ 8 փակուղում՝ «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի 1-ին հարկում գտնվող կաթսայատանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ալաբ-Մեդ» ՓԲԸ-ի կաթսայատանը (մոտ 50 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:03-ին, մարվել՝ 11:31-ին: Կաթսայատան վառարանում այրվել է յուղի տարայից (200 լիտր տարողությամբ) արտահոսած յուղը։
    14:41
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էդուարդ Աղաջանյանը 5 օրով կգործուղվի Վիեննա
    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը փետրվարի 23-27-ը կգործուղվի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կարգադրությունից։ «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի փետրվարի 23-27-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին եւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի–Հակոբյանին»,– ասվում է կարգադրության մեջ։
    14:34
    19.02.22
    Ավելին