Լրահոս
2022-10-03
-
ՔաղաքականԱդրբեջանին ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու․ նրան կանգնեցնելու է միայն ուժը և վճռականությունը․ Վազգեն ՄանուկյանԹղթե՞ շերեփ, թե՞ երկաթե Երեկ ոչ միայն մենք, նաև ողջ աշխարհն ականատես եղավ ադրբեջանցիների հերթական վայրագությանը հայ գերիների նկատմամբ։ Այժմ պահանջում են այդ տեսանյութի հանցակիցներին պատժել` որպես ռազմական հանցագործներ։ Եկեք խոստովանենք, որ դա ինքնախաբեություն է։ Խնդիրը միայն այդ խումբը չէ։ Դա ադրբեջանական պետական քաղաքականություն է։ Ադրբեջանի ողջ ժողովուրդն իր իշխանության քարոզչության տակ տասնյակ տարիների ընթացքում դարձել է մի վայրենի գազան, որը մինչև վերջ ուզում է հոշոտել հայերին։ Ու այսօր, խոսելով խաղաղության պայմանագրերի մասին, նրանք զուգահեռաբար հոխորտում են, որ հասնելու են մինչև Երևան: Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։ Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն՝ ուժը և վճռականությունը։ Մեր հասարակության մեջ այժմ հիմնական խոսակցությունը հետևյալն է՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, այն նույն խոսակցությունը, որ դարերով եղել է՝ Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան, այսինքն ու՞մ լծի տակ ավելի լավ կլինի, ո՞վ մեզ ավելի լավ կպաշտպանի։ Բայց հիմնական հարցը դա չէ. հիմնական հարցն այն է, թե մենք ուզո՞ւմ ենք մեզ պաշտպանել, մենք նման խնդիր դնու՞մ ենք մեր բանակի և մեր ժողովրդի առաջ, քանի որ մեր դեմ կանգնած է կատաղի թշնամի։ Ասում են՝ եթե չհամաձայնենք, նորից պատերազմ կսկսեն։ Թո՛ղ համարձակվեն։ Ավելի ճիշտ չէ՞ մարտով մենք պաշտպանենք մեր կանանց, երեխաներին, մեր ապագան, մեր պատիվը, քան թե ոչխարի պես գլուխներս կախ գնանք յաթաղանի տակ։ Մենք արդեն տեսել ենք թշնամու կողմից մեկուկես միլիոն հայերի կոտորածը նախորդ դարում։ Ուժի դեմ՝ ուժ, վճռականության դեմ՝ վճռականություն, բանակի դեմ՝ բանակ:Ավելին14:5603.10.22 -
ԱրցախԱրցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 417 դեպք2022թ. սեպտեմբերի 8-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1514 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 417 դրական դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ 2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 17780 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3993 դրական դեպք։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային կանոնները՝ Խուսափե՛ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով, կամ մաքրեք ալկոհոլային հիմքով՝ ախտահանիչով, Հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը, Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմեք բժիշկ:Ավելին14:5203.10.22 -
Արտաքին քաղաքականությունԼիմանը կորցնելուց հետո Ռուսաստանը գործի է դրել «Իսկանդերը»Ուկրաինական Լիման ազատագրելուց հետո նախագահ Զելենսկին հայտարարել է, որ իր բանակի վերահսկողության տակ է անցել նաև Խերսոնի մարզի երկու բնակավայր։ Ռուսական կողմը, ըստ էության, հաստատել էր Լիման կորցնելու լուրերը, երբ հայտնել էր, որ ռուսական զորքը դուրս է եկել քաղաքից ու տեղավորվել ավելի շահեկան դիրքերում: Նիկոլաևի ուղղությամբ ուկրաինացիների գրոհը հետ է մղվել:Ավելին14:4503.10.22 -
ՔաղաքականՀայ զինծառայողների գնդակահարությունն իրականացվել է Իշխանասարում․ Սիրանուշ ՍահակյանՀայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում: Ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց՝ ունեն հստակ փաստեր, որ 10 օր առաջ այդ հատվածից ադրբեջանցիները նկարներ են տարածել որպես Իշխանասար: «Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երևում էին նաև ադրբեջանցիների տարածած տեսանյութում` իրենց իրերով, տեղանքով: Այսինքն, միանշանակ է, որ Իշխանասարում է եղել»,- ասում է Սիրանուշ Սահակյանը: Իրավապաշտպանի խոսքով` երկու զինծառայողի հեշտությամբ են նույնականացրել, մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում է եղել: Նույնականացված երկու զինծառայողները պարտադիր ժամկետայիններ են եղել: Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից տեսանյութում երևում է 4-ի գնդակահարությունը: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: Առկա են հստակ ապացույցներ, որ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը: Այն վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Փաստացի ստացվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նմանատիպ վայրագություններին: Ըստ Սահակյանի` դիրքում ծառայություն իրականացնողների ցուցակը պետք է տրամադրեր պետությունը, սակայն այդ առումով հապաղել են, հավանաբար, որպեսզի իրենք հանդես գան հայտարարությամբ: Իրավապաշտպանն ասում է, որ այլ տարբերակով կարողացել են այնտեղ ծառայողների ցուցակը ձեռք բերել: Այժմ աշխատում են ապացույցների վրա, որպեսզի ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): 44-օրյա պատերազմին վերաբերող ՄԻԵԴ-ում արդեն քննվող գործի շրջանակներում փորձելու են մեծացնել դատարանի պատասխանատվությունը, որպեսզի ստանդարտներ փոխի: Սիրանուշ Սահակյանը նշեց, որ քննվող գործի շրջանակներում ՄԻԵԴ-ին ներկայացրել էին գերիներին ազատ արձակելու պահանջ` ցույց տալով, որ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվելու ընթացքում կա սպանվելու իրական վտանգ: Այդ ամենը ցույց են տվել կոնկրետ օրինակներով: «Մարտի դաշտը և փակ հիմնարկը տարբեր կառավարելիության ռիսկեր ունեն, բայց մենք դատարանին փաստաթղթավորված ապացույցներ ենք ներկայացրել, որ ոչ միայն մարտի դաշտում են մարդիկ գերեվարված վիճակում գնդակահարվում, այլև փակ հաստատություններում գտնվելու ընթացքում ծեծի և խոշտանգումների հետևանքով սպանվել են: Դատարանը բավարարել է միայն ֆիզիկական անձեռնմխելիությունն ապահովելը, Կարմիր խաչի միջոցով ընտանիքի անդամների հետ կապ հաստատելը, մարդասիրական նորմերին համապատասխան կենցաղային, հիգիենիկ պայմանների ապահովումը»,- ասում է Ս. Սահակյանը: Սահակյանի խոսքով` ՄԻԵԴ-ն իր պրակտիկայում բացառիկ դեպքում է ազատ արձակելու պահանջը բավարարել: Դա ռուս քաղաքական գործիչ Նավալնիի գործն է: «Բայց հասկանում ենք, որ լրիվ այլ քաղաքական տիրույթում են գտնվում և այլ պաշտպանվածություն ունի Նավալնին, քան մեր զինծառայողները: Այս ամենը ներկայացնելու ենք դատարանին` ցույց տալով, որ դատարանի` ազատ արձակման միջոցի չկիրառումը չի կանխում, և եթե կիրառեր, ինչպես կկանխեր միջադեպը: Քանի որ չի կիրառում, նման միջադեպերը չեն կանխվում: 4 կամ 5 տարի հետո արդարադատությունն այս տեսակի գործերով անարդյունավետ է լինելու»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը: Սակայն ՄԻԵԴ-ն աշխատանքի միակ ուղղությունը չի լինելու: Սահակյանն ասում է, որ նախկինում տարբեր միջազգային կառույցներին զեկույցներ են ներկայացրել Ադրբեջանի կատարած գնդակահարությունների վերաբերյալ՝ թե՛ անհատական, թե՛ խմբային: Բացի այդ, պարբերաբար բարձրաձայնել են, որ քաղաքական պատասխանատվության անհրաժեշտություն կա, և դրա բացակայությունը ծնում է անպատժելիություն: «Ադրբեջանի վարքագիծը մի ցայտուն գիծ էլ ունի` չեն թաքցնում: Աշխարհի այլ վայրերում հնարավոր է կատարվեն ոչ նման գուներանգներով դաժան խախտումներ, բայց ներգրավված կողմերը շահագրգիռ են, որ թաքցնեն, որովհետև անհանգստանում են պատասխանատվության համար: Ադրբեջանը գործում է բացահայտ, անպատժելիության մթնոլորտում: Տարածում, խրախուսում է այդ միջադեպերը` ի ցույց դնելով միջազգային կառույցների շահագրգռվածությունն ու անկարողությունը՝ արձագանքելու իր կողմից կատարված սպանություններին»,- նշում է Սիրանուշ Սահակյանը: Իրավապաշտպանի խոսքով՝ այս ապացույցները նորից են ներկայացնելու ՄԻԵԴ: Այս անգամ շատ հստակ են ձևակերպելու, որ ընտրողաբար չի կարելի մոտենալ: Տնտեսական, քաղաքական շահերից ելնելով` չեն կարող հանդուրժվել այս հանցագործությունները: «Հակառակ դեպքում մենք կարող ենք մտածել, որ հանցակցության հետ գործ ունենք: Փաստերը խոսուն են, անհերքելի են: Մենք չունենք ապացուցման խնդիր, բայց արդեն ապացուցված դեպքերով չունենալ պատժամիջոցներ, որտեղ բարձր քաղաքական և ռազմական ղեկավարությունը կենթարկվի պատասխանատվության, դա նշանակում է հովանավորչություն»,- ավելացնում է Սիրանուշ Սահակյանը: Իրավապաշտպանը նշում է, որ արդեն հաստատված են 17 գերիների անունները, որոնք գտնվում են Ադրբեջանում: Սակայն, նրանց թիվն ավելին է, քանի որ ավելի շատ ներկայացված անձինք կան, քան հաստատված են:Ավելին14:4203.10.22 -
ՔաղաքականԱրթուր Ասոյանն ազատվել է պաշտոնիցԱրթուր Ասոյանն ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունների կատարումը կվերապահվի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանին:Ավելին14:4103.10.22 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 118․9 հա տարածքում բռնկված հրդեհներըՍեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում՝ 20 հա, Երնջատափ գյուղում՝ 1․5 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 200 քմ, Գավառ քաղաքում՝ 1․3 հա, Թթուջուր գյուղում՝ 4 հա, Դդմաշեն գյուղում՝ 15 հա, Լոռու մարզի Նեղոց գյուղում՝ 5000 քմ, Ստեփանավան քաղաքում՝ 3 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 18․9 հա, Աբովյան քաղաքում՝ 200 քմ, Չարենցավան քաղաքում՝ 30 հա, Գետամեջ գյուղում՝ 3 հա, Քասախ գյուղում՝ 500 քմ, Շիրակի մարզի Հայկասար գյուղում՝ 1․5 հա, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 8 հա, Սիսիան քաղաքում՝ 1000 քմ, Դավիթ Բեկ գյուղում՝ 10 հա, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 2000 քմ, Ոսկեվան գյուղում՝ 2000 քմ, Հաղթանակ գյուղում՝ 1․5 հա, Բերդավան գյուղում՝ 1500 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 118․9 հա։Ավելին14:3703.10.22 -
ԻրավականՓորձ է արվել ՌԴ արտահանել ծխախոտի չհայտարարագրված մեծ խմբաքանակՊետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող և արտահանվող ապրանքների օրինականության նկատմամբ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացի Ռ.Մ-ն պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու կամ ապրանքները ոչ իրենց անվամբ հայտարարագրելու եղանակով ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային մեծ քանակի արտադրանք։ Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարել ՀՀ-ից ՌԴ ուղևորվող, տվյալ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերել են չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ընդհանուր թվով 199 հազար տուփ ծխախոտ։ Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նախապես հայտարարագրման է ներկայացրել 8 տոննա 240 կգ համաքաշով քարեր, որից հետո ավարտելով ապրանքների հայտարարագրման գործընթացը՝ ուղևորվել է դեպի սահմանային անցակետ՝ դրանք ՌԴ արտահանելու նպատակով: Վերջինս, սակայն, մինչև սահմանային կետ հասնելն առանց մաքսային մարմնի թույլտվության բացել է բեռնատարի դռները և հայտարարագրված քարերի մի մասը բեռնաթափել՝ դրանց փոխարեն բեռնելով շուրջ 4.630 կգ քաշով՝ թվով 199 հազար տուփ չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ։ Փաստի առթիվ, ՀՀ մաքսային օրենսգրքի 196-րդ, 197-րդ, 198-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:Ավելին14:3003.10.22 -
ՔաղաքականԻնչու՞ Ադրբեջանը որոշեց հրապարակել իր իսկ կողմից կատարված հանցագործությունները հենց այս պահինZham.am-ը գրում է. «Գրեթե բոլորի համար է պարզ, որ հայ գերիների դաժան սպանությունների տեսանյութի հրապարակման որոշումը իրականացվել է ամենաբարձր մակարդակով: Ադրբեջանն իր այդ քայլով նպատակ է ունեցել հայ հանրությանը դնել Casus belli վիճակի մեջ: Այսինքն իր այդ քայլով, նա նպատակ էր հետապնդում վիժեցնել բոլոր տեսակի բանակցությունները, որպեսզի դրանից հետո հայտարարեր, որ քանի որ բանակցությունները դադարել են, նա իրավունք է ստանում շարունակել իր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ: Հիշենք, որ երեկ կայացավ Հայստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի վիժեցման հավանականությունը շատ մեծ էր: Ընդ որում հայկական կողմը հայտնվել էր բարդ վիճակում: Հրաժարվել այդ հանդիպումից, նշանակում էր առիթ տալ Ադրբեջանին նոր ռազմական գործողություններ իրականացնելու համար, իսկ բուն այդ հանդիպումն այդ վայրագությունների տեսանյութի ֆոնին, ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանին: Դրսում, փաստացի, նկատում են, որ հայկական կողմը ոչ թե ուզում է պայմանավորվել Ադրբեջանի հետ, այլ մուրում է խաղաղությունը Բաքվից: Հասկանալի է, որ այդ ֆոնին, Ադրբեջանի ակցիաները դիվանագիտական հարթակում շեշտակիորեն մեծանում են: Երբ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սեղանի վրա որևէ փաստաթուղթ գոյություն չունի այս պահին, նա այս հարցում ճիշտ է ասում: Փաշինյանի նման ղեկավարի պարագայում, ինչի՞ պիտի Ադրբեջանը շտապի: Այդպիսի «նվերը» եզակի է լինում և Իլհամ Ալիևը փորձում է մաքսիմալ օգուտ քաղել այս իրավիճակից, մինչև հայերը ուշքի չգան և փոխեն երկրի ներքին դասավորությունները: Նույն վիճակն էր 1993-ին Ադրբեջանում, երբ այդ երկրի ղեկավարը իրենց «Փաշինյանն էր»՝ Աբուլֆազ Էլչիբեյը: Պարզապես հայկական կողմը չկարողացավ լիարժեքորեն օգտվել այն ժամանակվա բարենպաստ վիճակից երկու պատճառով: Նախ այն ժամանակվա Հայաստանի ղեկավարը Տեր-Պետրոսյանն էր, իսկ Ադրբեջանում էլ Էլչիբեյին, պարտությունից հետո անմիջապես փոխեցին և երկրի ղեկավար դարձավ փորցառու Հեյդար Ալիևը: Դրա համար էլ, այն ժամանակ Հայաստանը չկարողացավ Բաքվին պարտադրել խաղաղ պայմանագիր սեփական օրակարգով: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջերս արտահայտած գնահատականը Ալիևի ոչ գթասիրտ լինելու մասին, ամբողջովին բացահայտում է, թե ինչու մեզ այն ժամանակ չհաջողվեց ավարտել պատերազմը նոր պայմանագրով: Մինչդեռ այսօր, Ալիևը փորձում է շոշափել, թե ինչքան կարող է զիջել հայկական կողմը, և տեսնելով Փաշինյանի մանկամտության աստիճանը հասկանում է, որ այս գործընթացի «հատակին» դեռ չի հասել: Եվ զանազան կազուս-բելիների ձևով փորձում է հրահրել նոր պատերազմ, որպեսզի հասնի իր բոլոր նպատակներին: Իսկ թե ո՞րն է իր վերջնական նպատակը, նույնիսկ Փաշինյանն է հասկացել, բայց իր համար դա արդեն շատ ուշ է»:Ավելին14:2203.10.22 -
ՔաղաքականԱդրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴԱդրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել: «Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է ռազմագերիների հետ կապված հրատապ միջոց կիրառելու ուղղությամբ։ Սակայն Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը պահանջել է ՄԻԵԴ–ը։ Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում, որոնց մասին շատ ընդհանուր տեղեկություն է տրամադրել»,–ասաց Քարազյանը։ Նրա խոսքով` ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ էր պահանջել գերիների վերաբերյալ, մասնավորապես` նրանց բուժզննման և այլ հարցերի հետ կապված, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկատվություն է տվել։ Ադրբեջանի նման վարքագիծը, ըստ Քարազյանի, նորություն չէ։ Նա նաև հավելեց, որ այս պահին 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվում է շուրջ 30 գերի, որոնց թվում կան նաև քաղաքացիական անձինք: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող տեսանյութերին, ընդգծեց, որ ԿԽՄԿ-ն, լինելով չեզոք մարդասիրական կազմակերպություն, իրավասություն չունի հանրային հարթակում որևէ հայտարարություն անելու դեպքերի ու տեսանյութերի վերաբերյալ, բայց նման հարցերը գտնվում են իրենց մշտական հսկողության տակ: «44-օրյա պատերազմի և 2022 թվականի ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված անձանց մենք ամիսը մեկ անգամ այցելում ենք և փորձում ենք այդ պարբերականությունը պահել: Այցելությունների ընթացքում գերիներին ենք փոխանցում հարազատներից տեսանյութեր, նամակներ, զանգի հնարավորություն, և հակառակը»,- նշեց նա:Ավելին14:2203.10.22 -
ՔաղաքականԱրցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն գրել է. «Արարատ Միրզոյանն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները` պատասխանատվության ենթարկվեն»: Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ է ասել այս խոսքերը: Աբսուրդ: Տեսնես՝ հույսն ինչի՞ն է դրել: Իսկ ամենակարևորը գիտե՞ք որն է: Այն, որ ես հավատում եմ, որ նման բան է ասել Բայրամովին: Կարող է նույնիսկ աջակցություն խնդրած լինի Ադրբեջանի արտգործնախարարից: Նման հիմարություն միայն այս իշխանության ներկայացուցչի գլխում կարար ծնվեր: Երկրորդ ճշմարտությունը, որ կար ՀՀ ԱԳՆ այսօրվա հաղորդագրության մեջ, Ստեփանակերտի և Բաքվի միջև «քննարկումների մեխանիզմ» ստեղծելու մասին առաջարկն էր, որը Երևանը հիմա փորձում է որպես սեփական նախաձեռնություն ներկայացնել: Պատկերացնու՞մ եք: Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում: Բա դավաճանն էլ ո՞նց է լինում»։Ավելին14:1503.10.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը կարող է փորձարկել «Պոսեյդոն» միջուկային անօդաչուն. ՆԱՏՕ-ն զգուշանում էՆԱՏՕ-ում նախազգուշացրել են ռուսական «Պոսեյդոն» միջուկային անօդաչուի հնարավոր փորձարկման մասին: Հյուսիսատլանտյան դաշինքի հետախուզությունը վտանգի մասին խոսել է այն բանից հետո, երբ դեպի Կարայի ծով է սկսել շարժվել «Բելգորոդ» բազմաֆունկցիոնալ միջուկային սուզանավը, որտեղ, ըստ ՆԱՏՕ-ի, կարող են տեղի ունենալ միջուկային անօդաչու սարքերի ենթադրյալ արձակումներ:Ավելին14:0703.10.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը թերթոնի միջոցով ներկայացրել է Ալիևի պահանջներն ու հիմնավորել իր հեռացման անհրաժեշտությունը7or.am-ի գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՀՀ–ն ղեկավարել ընտանեկան «Հայկական Թուրքական ժամանակ» թերթոնի գլխավոր խմբագրի կարգավիճակով։ Նա իր թերթոնի միջոցով է ներկայացրել Ադրբեջանի պահանջները Հայաստանից ու բացահայտել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին Ալիևի պատկերացումները։ Նիկոլի փոխանցմամբ՝ Ալիևը հետևյալ 5 կետերն է դնում Հայաստանի առաջ․ 1.ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, 2.ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով, 3.Միջանցք Հայաստանի տարածքով, 4․Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը), 5.Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: Նկատենք, որ այս կետերից որևէ մեկի բավարարումը կբերի Հայաստանի ու Արցախի ամբողջական կապիտուլյացիային։ Այստեղ զիջման տեղ չկա։ Նիկոլը թերթոնում չի գրել, թե ո՞րն է իր տեսակետն այս կետերի վերաբերյալ, բայց դատելով նրա ելույթներից, ինքնաասուլիսներից ու ինքնահարցազրույցներից՝ կարող ենք պնդել, որ նա կողմ է առաջին երկու կետին, քանզի պարբերաբար քարոզում է «Ղարաբան Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Օրերս էլ հայտարարեց, որ ինքը չի ուզում խառնվել Արցախի խնդիրներին, թող Ստեփանակերտն ու Բաքուն իրար հետ պայմանավորվեն։ Նաև ավելացրեց, որ ինքն ընդունելի է համարում, որ «խաղաղության» համաձայնագրում կարող է բառ անգամ չլինել Արցախի մասին։ Ինչ վերաբերում է մյուս կետերին, ապա Նիկոլը դեմ է 3–րդ կետի պահանջին։ 4–րդ կետի մասով նա Ալիևին առաջարկում է առաջնորդվել 1991–ին դե ֆակտո արձանագրված քարտեզով և Ալիևից խնդրում է 29.800 քառակուսի կիլոմետրով տարածք։ 5–րդ կետին Նիկոլը դեմ չի լինի, եթե պարզվի, որ Ալիևը պատերազմի հանցագործների կարգավիճակում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, քանզի և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների դեմ նույն տրամադրվածությունն ունեն։ Այս ամենը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե «խաղաղության դարաշրջան» է բերում, այլ Հայաստանի ու Արցախի կործանում։ Դա թույլ չտալու թիվ մեկ նախապայմանը նրա հեռացումն է վարչապետի աթոռից։ Միայն նոր վարչապետով ու ազգային համաձայնության նոր կառավարությամբ է հնարավոր կանխել աղետն ու փրկել մեր երկիրը։ Մնացածը դատարկ խոսակցություններ են»։Ավելին14:0603.10.22 -
ՔաղաքականՓաշինյանն Ադրբեջանին մեղադրում է պայմանավորվածությունը չկատարելու համարՀայաստանի վարչապետն այսօր Ադրբեջանին մեղադրել է պայմանավորվածությունները չպահելու համար: Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը: «Սա արդեն 2-րդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում էր տրվել»,- գրել է Փաշինյանը:Ավելին14:0003.10.22 -
ՔաղաքականՍահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկի հեղինակը հայկական կողմն է․ Վահան ՀունանյանՍահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկն արել է հայկական կողմը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ «Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը», - Aysor.am-ին այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։Ավելին13:5703.10.22 -
ՔաղաքականՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանումՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր Բրյուսել է մեկնում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ: Մինչ այս Գրիգորյանը Միացյալ Նահանգներում էր, այնտեղ նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության գրասենյակի ներկայացուցիչների հետ:Ավելին13:5203.10.22 -
ՔաղաքականՊատգամավորները ՀՀ պետբյուջեի հաշվին մեկ շաբաթով կմեկնեն Ռուանդա. պատվիրակության կազմում 7 անձ էԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգարդությամբ՝ ԱԺ պատգամավորները հոկտեմբերի 9-15-ին կմեկնեն Ռուանդա՝ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու: Ըստ ԱԺ նախագահի կարգադրության, պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Հասմիկ Հակոբյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, վերջինիս տեղակալ Էդուարդ Խանզրադյանն ու ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը: Գործուղման հետ բոլոր ծախսերը, այդ թվում՝ ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը հոգում է ՀՀ պետբյուջեն:Ավելին13:5003.10.22 -
ԻրավականԱղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ. ԴատախազությունԳլխավոր դատախազությունը 2022 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկել քրեական գործ՝ ըստ մեղադրանքի Աղվան Գառնիկի Հովսեփյանի և Վրեժ Վարանցովի Մարկոսյանի, որը դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ ընդունվել էր վարույթ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, նշված գործով Վ.Մարկոսյանին մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքը կատարելու համար, որ նա, ՀՀ գլխավոր դատախազի, այնուհետև՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցրած Ա.Հովսեփյանի դրդմամբ, 2017 թվականի ապրիլի 10-ին վատնել է Վարշամ Ղարիբյանի կողմից իրեն վստահված Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասի թիվ 29/11 հասցեում գտնվող 3,0078 հեկտար մակերեսով առանձնապես խոշոր չափերով՝ 672.400.000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը՝ այն համապատասխան պայմանագրով նվիրաբերելով Ա. Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին, որի սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է նույն թվականի ապրիլի 13-ին: «Դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ, նշված քրեական գործից անջատվել էր Վ.Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործը: 2022 թվականի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, ամբաստանյալ Վ.Մարկոսյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և միջնորդել է կիրառել համաձայնեցման վարույթ: Դատարանն ամբաստանյալի այդ միջնորդությունը բավարարել է: Նկատի ունենալով, որ Վ.Մարկոսյանը 72 տարեկան է, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան նորմերի դրույթները, համաձայնեցման վարույթի շրջանակում կողմերը համաձայնվել են ամբաստանյալին մեղսագրվող արարքի համար հետևյալ պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ՝ Վ.Մարկոսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս ժամկետով (այս գործով առավելագույն պատժաչափն է, որ կարող էր նշանակվել համաձայնեցման վարույթի շրջանակում), Կիրառել 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և Վ. Մարկոսյանին պատժից ազատել»,- նշված է հաղորդագրության մեջ: Արդյունքում` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 3-ի դատավճռով Վ.Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել համապատասխան հանցանքի կատարման մեջ, նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկում և, 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառմամբ, նա պատժից ազատվել է: Համաձայնեցման վարույթի շրջանակում, տուժողը Վ. Մարկոսյանի նկատմամբ պահանջ չի ներկայացրել:Ավելին13:4703.10.22 -
ՀասարակականՀայ զինվորների գնդակահարության տեսանյութում երևացող 7-8 զինծառայող նույնականացվել էԳնդակահարության տեսանյութում երևացող 7-ից 8 զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են: Նրանք մինչև երեկ անհետ կորած էին համարվում: Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտպան Սիրանուշ Սահակյանը:Ավելին13:4503.10.22 -
ԱռողջապահականՀոկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 257 560 էԱռողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 257 560 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1 150 019, ամբողջական պատվաստվածներինը` 1 025 351: Խթանիչ պատվաստումների թիվը 76730 է:Ավելին13:3703.10.22 -
Սպորտ125 զոհ՝ ֆուտբոլային խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԻնդոնեզիայի Մալանգի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 125 մարդ է մահացել, այդ թվում՝ 17 երեխա, հաղորդում է Reuters գործակալությունը։ Ավելի քան 300 մարդ վիրավորվել է։ Այս տվյալները հաստատել է երկրի առողջապահության նախարարությունը։ Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ անկախ հանձնաժողով կստեղծվի միջադեպի հանգամանալից ուսումնասիրության համար։ Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը «Արեմա» և «Պերսեբայա» թիմերի ֆուտբոլային խաղի ժամանակ։ Արեման 3-2 հաշվով պարտություն էր կրել. թիմի երկրպագուները խաղացողների վրա շշեր էին նետել, այնուհետև փորձել խաղադաշտ ներխուժել։ Իրավապահներն ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ էին կիրառել, ինչի հետևանքով հրմշտոց էր սկսվել։ Միջադեպը որակվել է որպես մարզադաշտերում տեղի ունեցած աշխարհի վատթարագույն ողբերգություններից մեկը։ Տեղի ունեցածին արձագանքել են ՖԻՖԱ-ի նախագահը, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը։ Հռոմի պապը կիրակի օրվա ուղերձում հայտնել է, որ աղոթում է զոհերի և վիրավորների համար։ Ըստ ABC News-ի՝ երեկ երեկոյան մարդիկ հավաքվել են մարզադաշտի առջև՝ ծաղիկեր դնելով զոհերի հիշատակին, իսկ ուշ գիշերը տեղի է ունեցել մոմավառության արարողություն։ Ավելի վաղ ShantNews-ը հայտնել էր 174 զոհի մասին։Ավելին13:3003.10.22